Արմինֆո. ՀՅԴ պատվիրակությունը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանի, ՀՅԴ Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի և ՀՅԴ Կիպրոսի պատվիրակության նախագահ Հակոբ Ղազանչյանի գլխավորությամբ, մասնակցել է նոյեմբերի 10-11-ը Մալագայում Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության կազմակերպած Եվրոպական սոցիալիստների կուսակցության (Party of European Socialists-PES)համագումարի աշխատանքներին:
Ինչպես հաղորդում է ՀՅԴ մամլո ծառայությունը, ՀՅԴ պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է Կոնգրեսի աշխատանքներին, որի շրջանակներում շուրջ երկու տասնյակի հասնող հանդիպում-քննարկումներ ունեցել՝ այդ թվում եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և Եվրոպական խորհրդարանի սոցիալիստ պատգամավորների հետ։
«Հանդիպումների ընթացքում ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները, հաշվի առնելով Արցախյան հիմնախնդրի ներկա հանգրվանում ստեղծված իրավիճակը, կարևորել են արցախահայության իրավունքների լիակատար պաշտպանության, միջազգային գործուն մեխանիզմների կիրառմամբ նրանց վերադարձի իրավունքի ապահովման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության, հակամարտության համապարփակ և արդար կարգավորման անհրաժեշտության, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման ու ադրբեջանական հետագա ռազմական սադրանքների կանխման, ինչպես նաև իրագործված ցեղասպան գործողությունների, մարդկության հանդեպ հանցագործությունների ու էթնիկ զտման համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման ու նրանց միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու քաղաքական առաջնահերթությունները։
ՀՅ Դաշնակցությունը, ինչպես Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցի միջոցով, այնպես էլ կուսակցության միջազգային հարաբերությունների ողջ կարողականությամբ շարունակելու է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շահերի պաշտպանության աշխատանքները», - ասվում է հաղորդագրությունում։