Վերջին օրերին Հալեպում ստեղծված օրհասական դրության պատճառով մեծաթիվ հալեպահայեր դիմել են ՙՀալեպ՚ հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանը` օգնելու իրենց ձեռք բերել մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան:
ՙՀաշվի առնելով հայկական համայնքի խիստ ծանր դրությունը` ՙՀալեպ՚ կազմակերպությունը կոչ է անում ականջալուր լինել և հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին:Հարկ է նշել, որ Հալեպից Հայաստան տեղափոխվելու գումարը յուրաքանչյուր անձի համար կազմում է մոտավորապես 488 $՚,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
վելի վաղ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ պատգամավորներին կոչ է արել անհապաղ օգնություն տրամադրել Հալեպի հայերին: ՙՍիրիայի Հալեպ քաղաքում հայ բնակչության համար ստեղծվել են չափազանց ծանր պայմաններ: Մեր տվյալներով, շուրջ 25-30 հազար հայեր բնաջնջման սպառնալիքի տակ են` այնտեղ ծավալված մարտական գործողությունների պատճառով՚, - նշել է Զուրաբյանը: Նա ընդսմին դիմել է Հայաստանի խորհրդարանի խոսնակին` խնդրելով հրավիրել ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին` այդ առաջարկությունները քննարկելու և հայրենակիցներին աջակցություն տրամադրելու նպատակով հետագա քայլերը որոշելու համար: