Արմինֆո.ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վահրամ Կաժոյանը, ս. թ․նոյեմբերի Բանգկոկում մասնակցել է ՄԱԿ-ի մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման և զարգացման ֆինանսավորման հարցերով կոմիտեի չորրորդ նստաշրջանին։ Բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանան։
Ինչպես հաղորդում է Վիետնամում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վահրամ Կաժոյանը։ Իր ելույթում դեսպան Կաժոյանը, մասնավորապես, ընդգծել է Հայաստանի, իբրև դեպի ծով ելք չունեցող երկրի համար տնտեսական ներուժն ամբողջական զարգացնելու և կայուն զարգացումն ապահովելու համար լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման նպատակով ֆինանսական հոսքերի կարևորությունը, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի հասնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը։
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ս.թ․սեպտեմբերի 19-ին՝ ավելի քան 10-ամսյա շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային։ Դեսպան Կաժոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող էթնիկ զտումների երկարատև քաղաքականության արդյունքում 101 848 քաղաքացիներ, ներառյալ 30 հազար երեխաներ ստիպված էին լքել իրենց հայրենիքն ու մշտական բնակության վայրերը՝ թողնելով իրենց տները, գույքը և հազարամյա մշակութային ժառանգությունը։
Դեսպան Կաժոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրոթյան, միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար նորմերի, 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և Արդարադատության միջազգային դատարանի որոշման կոպիտ խախտում էր։
Վահրամ Կաժոյանը կոչ է արել ՄԱԿ-ի զարգացման ու մարդասիրական կառույցներին աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը։
ՄԱԿ-ի մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման և զարգացման ֆինանսավորման հարցերով կոմիտեի չորրորդ նստաշրջանին մասնակցում էին ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 53 անդամ ու 9 ասոցացված անդամ պետությունների և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։