Արմինֆո.Ջուզեպպե Վերդիի "Պարահանդես-դիմակահանդես" օպերան կներկայացվի Ա. Խաչատրյան համերգասրահի բեմում: Ստեղծագործությունը կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության գագաթներից մեկն է և առանձնանում է դրամատիկ և հոգեբանական ճշմարտացիությամբ, մեղեդիների հարստությամբ և վոկալ բազմազանությամբ:
"Պարահանդես-դիմակահանդես" օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1859 թվականի փետրվարի 17-ին Հռոմում։ Սա Վերդիի թվով 23-րդ օպերան է, որի մասին ասում էին, որ նրա յուրաքանչյուր արտահայտություն երաժշտական է, իսկ յուրաքանչյուր մեղեդի՝ վոկալ։
Երևանում օպերայի դիրիժորը կլինի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Վերջինս բազմիցս ղեկավարել է օպերան Մեծ թատրոնում (Ռուսաստան) հայտնի օպերային ռեժիսոր Դավիթ Լիվերմուրի բեմադրությամբ և անհամբերությամբ սպասում է օպերայի ներկայացմանը հայրենիքում:
Գլխավոր պարտիաները կկատարեն հրավիրված հայտնի օպերային երգիչներ. Մարսելո Պուենտեն (տենոր), Բոգդան Բաչուն (բարիտոն), Եվգենիա Մուրավյովան (սոպրանո), Յուլիա Մենիբաևան (մեցցո - սոպրանո), Օլգա Պուդովան (սոպրանո), մյուս պարտիաները կկատարեն Աշոտ Գանտարջյանը (բաս), Հովհաննես Ներսեսյանը (բաս), Հայկ Տիգրանյանը (բաս), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ալեն Մանուկյանը (տենոր):
Օպերային կմասնակցեն նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և մանկական ձայների պահպանման վոկալ - երգչախմբային հատուկ դպրոցը (գեղարվեստական ղեկավար Կարինե Առաքելյան, դիրիժոր Էմմա Առաքելյան):
Համերգը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում՝ Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: