Արմինֆո. Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցը հայ բնակչության տեղահանությունից հետո էլ ավելի է սրվել։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հոկտեմբերի 27-ին Երեւանում Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը նախկինում դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին, միջազգային գործընկերներին, և եղել է որոշում, համապատասխան պայմանավորվածություն՝ Հարավային Կովկաս, Արցախ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու շուրջ: "Եվ, ըստ էության, Ադրբեջանի կողմից ստեղծված բազմաթիվ խոչընդոտների շնորհիվ այդ այցն այդպես չկայացավ։ Սակայն, այժմ տարածաշրջան այդ առաքելության ուղարկումն ավելի արդիական է դարձել, եւ հուսով ենք, որ այն, այնուամենայնիվ, կիրականացվի։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ", - ասել է նա, այս առումով նա հայտնել է, որ իր հունգարացի գործընկերը պատրաստակամություն է հայտնել միջամտել այդ հարցին եւ աջակցություն ցուցաբերել դրա առաջխաղացման համար։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Բուդապեշտն աջակցել է ադրբեջանական գերությունից 5 հայ ռազմագերիների վերադարձին, միջոցներ է հատկացրել բռնի տեղահանված արցախցիներին օգնելու համար, բուժօգնություն է ցուցաբերում Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհից տուժածներին և այլն:
Միաժամանակ, անդրադառնալով, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տիրող իրավիճակին, նա, մասնավորապես, ասել է. «Վստահ եմ, որ Հունգարիան, նաև որպես ԵՄ անդամ երկիր, քաջատեղյակ է բոլոր զարգացումներին: Կընդգծեմ, որ Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման և այլատյաց քաղաքականության բացառում, քանզի մենք արդեն ականատես ենք եղել դրա դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք ահազանգել: Ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, և ավելի քան 100.000 հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար փախչել, բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից, լքեցին իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում:
Ակնհայտ է, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն և գործուն քայլեր, հրաժարում առավելապաշտական նկրտումներից: Դա հնարավոր է անել, հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա: Պատահական չէ, որ այս ուղենիշներն իրենց արտացոլումն են գտել հոկտեմբերի 5-ին ընդունված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ, որին մենք ակնկալում ենք նաև մյուս միջազգային գործընկերների գործնական աջակցությունը:
Փոխվստահության մթնոլորտի ձևավորման հնարավորության ստեղծման համար, իհարկե, կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրումը և նաև Լեռնային Ղարաբաղում թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրումը», - նշել է Հայաստանի արտգործնախարարը: