Արմինֆո. Ֆրանսիական "Ալիֆ" ընկերությունը, որը զբաղվում է պատմամշակութային ժառանգության պաշտպանությամբ և պահպանմամբ, պատրաստել է Արցախի պատմամշակութային օբյեկտների արբանյակային լուսանկարներ: Այդ մասին հոկտեմբերի 26 - ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ - Մալաքը։
Նա նշել է, որ լուսանկարները թույլ կտան տեսնել, թե ինչ վիճակում են գտնվում օբյեկտները, նույնիսկ, եթե դրանք ավերված են:
Միաժամանակ նա նշել է, որ Արցախի մշակութային ժառանգության պահպանման համատեքստում գերատեսչությունն աշխատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպության հետ, որի գրասենյակը գտնվում է Փարիզում, ինչպես նաև եվրոպական այլ երկրների հետ: <Մենք պաշտոնական հայտ ենք ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս կարողանա թույլտվություն ստանալ այդ տարածքներ ֆիզիկապես այցելելու համար: Դա թույլ կտա գրանցել բոլոր պատմամշակութային հուշարձանները, որոնք հայկական են, նույնականացնել դրանք, որպեսզի մենք պատկերացում ունենանք առկա ժառանգության մասին",-նշել է Ռիմա Աբդուլ - Մալաքը։
Նա տեղեկացրել է, որ, որպես մշակույթի նախարար, ինքը պարտավորվել է միջազգային հնարավոր բոլոր հարթակներում բարձրացնել Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը: "Մենք պետք է ջանք չխնայելով ամեն ինչ անենք, որպեսզի այս հարցին պատշաճ ուշադրություն դարձվի", - ասել Է Ֆրանսիայի մշակույթի նախարարը:
Տիկին Աբդուլ-Մալաքը վստահեցրել է, որ Ֆրանսիան շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ այս և այլ ոլորտներում:
Իր հերթին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանումն այսօր կարևորագույն խնդիրներից մեկն է, հատկապես, Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների նկատմամբ առկա սպառնալիքի համատեքստում:
"Մենք պետք է փորձենք գտնել այն գործուն միջազգային մեխանիզմները, որոնք կօգնեն բարձրացնել Լեռնային Ղարաբաղի մշակութային օբյեկտների պաշտպանությունը", - նշել է նա: Նախարարն ընդգծել է, որ 2020 թվականի արցախյան պատերազմից հետո որևէ վստահություն չկա Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում, իսկ 2023 թվականին արցախցի բնակչության բռնի տեղահանումից հետո այդ հարցն ավելի է խորացել ։ Անդրեասյանը տեղեկացրել է, որ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել 5 հազարից ավելի հայկական մշակութային հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ:
"Եվ մեր գլխավոր խնդիրներից մեկը այդ ամենը պահպանելն է", - եզրափակել է նա, նշելով, որ Արցախի ոչ նյութական ժառանգությունը ևս վտանգված է: