Արմինֆո."Երևանյան հեռանկարներ" 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակում Հայաստանում առաջին անգամ հանդես կգան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլյասոնը և տավղահար Քսավիե դե Մեստրը:
Համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, որի շրջանակում արտիստները հայ ունկնդիրներին կներկայացնեն "Լատինական Սերենադ" աննախադեպ ծրագիրը:
Ռոլանդո Վիլյասոնը մեքսիկացի օպերային երգիչ է, իր սերնդի ամենապահանջված կատարողներից մեկը, որն այսօր համարվում է աշխարհի լավագույն տենորներից մեկը: Նա ձայնագրել է ավելի քան 20 ձայնասկավառակ և տեսահոլովակ, վաճառել է ավելի քան 2 միլիոն ալբոմ ողջ աշխարհում և արժանացել բազմաթիվ մրցանակների։ Ռոլանդո Վիլյասոնը հաճախ է համագործակցում աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ, այդ թվում ՝ բազմաթիվ ելույթներ Դանիել Բարենբոյմի և Յանիկ Նեզե-Սեգենի հետ։
Քսավիեր դե Մեստրը ֆրանսիացի տավղահար է: 16 տարեկանում Մեստրը հաղթեց իր առաջին միջազգային մրցույթում՝ Փարիզում, այնուհետև մրցանակներ է ստացել Քարդիֆում, Մյունխենում, Վիեննայում և Երուսաղեմում անցկացված միջազգային մրցույթներում: 1998 թվականին նա արժանացել է առաջին մրցանակի և երկու մեկնաբանական մրցանակի Բլումինգթոնի տավղահարների միջազգային մրցույթում ՝ աշխարհի ամենահեղինակավոր տավղահարների մրցույթում, որն անցկացվում է ԱՄՆ-ում ։ Նույն թվականին Մեստրը դարձել է առաջին ֆրանսիացի երաժիշտը, ով միացել է Վիեննայի հեղինակավոր ֆիլհարմոնիկ նվագախմբին։