Արմինֆո. ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց եւ կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն, այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցից 14 հազար 593-ը երեխաներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսպիսով՝ ընդհանուր առմամբ խոստացված 100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառուների: Մեր մյուս քույրերի եւ եղբայրների վճարումները կիրականացվեն նրանց կողմից քարտային հաշիվներ բացելուն զուգընթաց: Հումանիտար կենտրոնն, իհարկե, բոլորին կօգնի այս գործը հնարավորինս արագ կազմակերպելու համար», - գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ միանվագ օգնության վճարման գործընթացը մեկնարկել էր հոկտեմբերի 6-ին ։ Ծրագրի շահառուները սեպտեմբերի 24-ից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված հայրենակիցներն են: Օգնությունից օգտվելու համար շատ կարևոր է, որ անձը գրանցված լինի ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում: Այն քաղաքացիները, ովքեր չեն գրանցվել, պետք է անցնեն գրանցման գործընթաց Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներում տեղակայված ավելի քան 60 հումանիտար կենտրոններում, հասցեները կարելի է գտնել https://irazekum.am/nkc հղումով: Յուրաքանչյուր չափահաս քաղաքացի պետք է ունենա իր հաշվարկային հաշիվը, որին կփոխանցվի գումարը: Անչափահասներին հասանելիք միջոցները կփոխանցվեն մորը կամ օրինական ներկայացուցչին ՝ առցանց հարթակում դիմելու կամ միասնական սոցիալական ծառայություն դիմելու միջոցով: Անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձինք, նախ, պետք է դիմեն Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը (անձնագրային բաժին), որտեղ ինքնությունը հաստատելուց հետո նրանց կտրվի տեղեկանք, որի հիման վրա հնարավոր կլինի բանկում բացել ընթացիկ հաշիվ և ստանալ աջակցության գումարը: Քարտային հաշվի բացումը հնարավոր է ՀՀ-ում գործող բոլոր բանկերում, բացի "Մելլաթ Բանկ" ՓԲԸ-ից և "Ֆասթ Բանկ" ՓԲԸ-ից, որոնք ներկայումս չեն սպասարկում ֆիզիկական անձանց քարտեր: Այս և այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ հնարավոր կլինի ստանալ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գծով (114):
ՀՀ կառավարության տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից այս պահին Հայաստան է մուտք գործել 100 632 բռնի տեղահանված անձ: