Արմինֆո.Երեկ Արցախում (Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու մոտակայքում) վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով պաշտոնապես տուժել է 290 մարդ, տասնյակ մարդիկ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 20 մարդ զոհվել է։ Այդ մասին X ցանցի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Կան բազմաթիվ անհետ կորածներ, ականատեսների գնահատմամբ, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է հրդեհի հետևանքով: Վիրավորներին տարհանելու համար Հայաստանից բժշկական ուղղաթիռ է ժամանել», - նշել է Բեգլարյանը։
Հաաաավելենք, որ քիչ առաջ Հայաստանի Առողջապահության նախարարությունը հրապարակել է Ստեփանակերտում պայթյունից տուժածներին ուղղաթիռով տեղափոխելու կադրերը։ Տուժած հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն արդեն վայրէջք է կատարել Սիսիանում: Այնտեղից տուժածներին կտեղափոխեն Երևանի բժշկական կենտրոններ։