Արմինֆո.Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Արցախի պաշտոնական ներկայացուցչությունը:
«Այս պահին ինտենսիվ հրետակոծության են ենթարկվում մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը»,- ասվում է հաղորդագրությունում:
Իսկ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ «ԱՀ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով», - ասվում է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Միեւնույն ժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Բաքուն սկսել է «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ՝ սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով: «Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը», - ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում: