Արմինֆո.Ադրբեջանը ագրեսիա է սկսել Արցախի դեմ։
ԱՀ ՊՆ-ում իրենց ագրեսիայի հերթական փուլը հիմնավորել են, իբր, "Արցախի Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծմամբ" և "տարածքների ականապատմամբ"։ ԱՀ ՊՆ-ը հայտարարել է, թե ԼՂՀ ՊԲ-ի կողմից մարտական դիրքերի ինժեներական կատարելագործման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև վերջին ամիսներին խրամատների ու բլինդաժների թվի ավելացումը լարվածության էլ ավելի մեծացման պատճառ են դարձել:
"Նկատվում է նաև մարտական դիրքերի ուժեղացում անձնակազմով, զրահատեխնիկայով, հրետանային կայանքներով և կրակային այլ միջոցներով, զորամասերի բերում մարտական պատրաստականության բարձր մակարդակի, լրացուցիչ զորահավաքային զորամասերի ստեղծում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ հետախուզական գործունեության ընդլայնում ",- հայտարարել են ԱՀ ՊՆ-ում, տարածելով անհեթեթություն, թե, իբր, Արցախի ՊԲ ստորաբաժանումները ներթափանցել են ադրբեջանական դիրքերի խորքերը և ականապատել ճանապարհները:
<Սեպտեմբերի 19-ին Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհին Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խմբերի կողմից ահաբեկչական նպատակներով նախապես տեղադրված ականի պայթյունի հետևանքով զոհվել են քաղաքացիական անձինք, և շարքից հանվել է Ադրբեջանի պետական ավտոմոբիլային ճանապարհների գործակալությանը պատկանող ավտոմեքենան: Նույն օրը Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խմբի կողմից տեղադրված ականի վրա Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի զինծառայողներին տեղափոխող տրանսպորտային միջոցի պայթեցման հետևանքով զոհվել և վիրավորվել են մեր զինծառայողները: Նման փաստերը Հայաստանի նպատակաուղղված եւ ծրագրված ահաբեկչական քաղաքականության շարունակությունն են, որն իրականացվում է Ադրբեջանի դեմ", - հայտարարել են Ադրբեջանում, մոռանալով նշել, որ միջադեպը տեղի է ունեցել շփման գծից 15 կմ հեռավորության վրա, եւ նրանց պնդումները, պարզապես, անհեթեթություն են, որը չի դիմանում որեւէ քննադատության:
Այնուհետև ԱՀ ՊՆ-ում հիշել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի ոչ մի կետ Ադրբեջանը չի կատարել, և հայտարարել են իրենց դրույթների կատարումն ապահովելու և Արցախի Պաշտպանության բանակը վերացնելու մտադրության մասին՝ իրականացնելով "լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ" ։
<Միջոցառումների շրջանակում առաջնագծում և խորքում բարձր ճշգրտության զենքի կիրառմամբ շարքից հանվում են Հայաստանի զինված ուժերի կազմավորումների դիրքերը, դրանց երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական նշանակության օբյեկտները: Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն օրինական ռազմական թիրախները", - նշել են ԱՀ ՊՆ-ում։
Ընդգծվում է նաև, որ անցկացվող միջոցառումների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, թշնամական կողմն այս րոպեներին հրետակոծության է ենթարկում Ստեփանակերտն ու նրա շրջակայքը: