Արմինֆո. Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով դեպի Ստեփանակերտ է ուղեւորվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական բեռներ փոխադրող մեկ մեքենա։ Միաժամանակ, դեպի Ստեփանակերտ է ուղևորվ երեք մարդատար ավտոմեքենա: Զուգահեռաբար, ԿԽՄԿ - ի երկու մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենա դեպի Ստեփանակերտ են ուղեւորվել Ակնա (Աղդամ) - Ստեփանակերտ ճանապարհով: Այդ մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Համացանցում արդեն հայտնվել են Քաշաթաղի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ մեքենաների անցման առաջին կադրերը:
Հավելենք, որ նախօրեին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: «Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը: Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող ապրանքներ): Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար: Տեղեկացնում ենք նաև, որ միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով», - ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում: