Արմինֆո.ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է Սևանա լճում ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ հայկական լրատվամիջոցների հաղորդումները:
Նախարարության մամուլի ծառայության տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ի պատասխան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված «Ահազանգ․Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք» վերտառությամբ հրապարակումների, հայտնում ենք հետևյալը․
Նախքան ահազանգի սոցիալական ցանցերով տարածվելը, սույն թվականի հունիսի 20-ին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ներկայացուցիչների կողմից ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում Երևան -Շորժա M14 մայրուղու հարակից հատվածում հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք։
Դեպքի վայր են ժամանել «Սևան» ազգային պարկի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները։
Նյութերը փոխանցվել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տեսչական մարմնի կողմից փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ: Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Նշենք, որ վերջին շրջանում շինարարական աշխատանքների ակտիվացման հետ կապված սկսել է նկատվել նաև հանրապետության ջրամբարներում ավազի ապօրինի արդյունահանման աճ: Գործը հասել է այնտեղ, որ վտանգ է առաջացել սահմանամերձ Արաքս գետի հունի և, որպես հետևանք, Հայաստանի տարածքի փոփոխման համար։ Իշխանությունները փորձել են միջամտել այդ գործընթացին, ընդունելով մի շարք օրենսդրական փոփոխություններ, սակայն, ըստ ամենայնի, դա չի կանգնեցնում հեշտ շահույթի սիրահարներին։