Արմինֆո.Այս տարի լրացավ ուղիղ 20 տարի, որ Արթուր Ղուկասյանն ու նրա թիմը, արիաբար ու անխոնջ, ընդլայնում են արվեստի, իսկ ինչ-որ տեղ՝ նաև սովորական ընկալման "թույլատրելի սահմանները", փորձում են բարձր չափանիշներ ներդնել Հայաստանի թատերական և մշակութային կյանքում ՝ անցկացնելով կատարողական արվեստի HIGH FEST միջազգային փառատոնը:
Հոկտեմբերի 1-ին՝ փառատոնի բացման օրը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմից HIGH FEST-ի հիմնադիր, նախագահ և գաղափարական ներշնչող Արթուր Ղուկասյանը փառատոնի կյանքի անցած երկու տասնամյակները համարել է կատարյալ խելագարություն, խոստանալով, ինչպես ասում է նաև նրա կարգախոսը, որ "հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը" (the next 20 years will be better):
Իսկ այն բացելու իրավունքը վերապահվել էր ռումինական m-Studio-ին, որը հայ հանդիսատեսի դատին է ներկայացրել "Վերելակ" խորագրով ժամանակակից խոոորեոգրաֆիան։ Բեմադրության հեղինակ Ֆեհեր Ֆերենցը ցույց է տվել, թե ինչպես է աստիճանաբար փոխվում երեք միանգամայն անծանոթ տղամարդկանց հոգեբանական եւ ֆիզիկական վիճակը, որոնք 40 րոպե մնացել են վերելակի նեղ տարածությունում: Չեզոք վիճակից անցնելով խելահեղության եւ ավարտելով ուժասպառությամբ, չխախտելով վերելակի սահմանները, ռումինացի արտիստները խախտել են սովորականի սահմանները, խելագարությամբ լիցքավորելով դահլիճը, ինչի մասին էլ հենց սկզբում ասել էր Արթուր Ղուկասյանը։
Նշենք, որ այս տարի HIGH FEST փառատոնի ծրագիրը ներառում է 26 ներկայացում, որոնք կցուցադրվեն Երեւանի 14 թատերական բեմերում: HIGH FEST-ին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 250 մասնակիցներ եւ հյուրեր՝ աշխարհի 10 երկրներից, որոնց թվում են հեղինակավոր արվեստագետներ, արվեստի մենեջերներ, միջազգային փառատոների նախագահներ Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից եւ այլն: Փառատոնի հեդլայները Բորիս Էյֆմանի բալետի թատրոնն է: Բացի Երեւանից, փառատոնը կհյուրընկալվի նաեւ Գյումրիում եւ Վանաձորում:
Փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://highfest.am/:
Հիշեցնենք, որ կատարողական արվեստի HIGH FEST միջազգային փառատոնն անցկացվում է Հայաստանում 2003 թվականից ։ Երկու տասնամյակի ընթացքում փառատոնին մասնակցել են ավելի քան 500 արտասահմանյան ընկերություններ, 5000 մասնակիցներ և հյուրեր: Հարկ է նշել, որ HIGH FEST մտել է Եվրոպայի լավագույն առաջատար փառատոների շարքը եւ հայտարարվել է լավագույնը նախկին ԽՍՀՄ տարածքում (չհաշված Մոսկվան):