Խորհրդարանական ընդդիմությունը բողոքում է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի վարքագծի դեմ, ով հրաժարվել է անձամբ ներկայացնել ՎՊ հաշվետվությունն օրենսդիր մարմնին և ուղարկել է իր տեղակալին:
Ազգային ժողովի նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ 2012-2013 թթ. Վերահսկիչ պալատի կողմից աղմկահարույց բացահայտումներից հետո Իշխան Զաքարյանն այլևս խորհրդարան չի գալիս ՎՊ հաշվետվությունը ներկայացնելու համար`չնայած պատգամավորների բազմաթիվ պահանջներին: Ըստ որում, Զուրաբյանը խնդրել է դահլիճում ներկա գտնվող Սեյրան Ավագյանին`Զաքարյանի տեղակալին, լքել խորհրդարանը, քանի որ հաշվետվությունը, համաձայն օրենսդրության, պետք է ՎՊ նախագահը ներկայացնի: Նա ավելացրել է, որ եթե Զաքարյանը չի կարող անձամբ ներկա գտնվել այսօր, պատգամավորները ՙհամբերատար կսպասեն՚:
Ի պատասխան`ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ չի ցանկանում բոյկոտել Ավագյանի ելույթը: Նրա խոսքով, ինչպես ցանկացած պաշտոնյա, Իշխան Զաքարյանն արձակուրդի գնալու իրավունք ունի:
Այնուհետև ելույթ է ունեցել ՀԱԿ-ից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով ընթերցել է օրենքից հատված, ըստ որի`խորհրդարանի հաշվետվությունը ներկայացնում է ՎՊ նախագահը: ՙԻշխան Զաքարյանը պետք է ներկայացներ անցած տարվա հաշվետվության արդյունքները, բազմաթիվ չարաշահումների հետաքննության արդյունքները: Ո՞վ պետք է պատասխանի այն բազմաթիվ հարցերին, որոնք կուտակվել են խորհրդարանականների մոտ՚,- հարցրել է Ջհանգիրյանը:
ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Ավագյանը ևս կարող է սպառիչ պատասխան տալ պատգամավորների բոլոր հարցերին:
Նշենք, որ 2012 թվականից հետո Ի. Զաքարյանի աշխատաոճը բավականին փոխվել է: Դրանից առաջ նա պարբերաբար լրագրողներին էր ներկայացնում իր կառույցի բացահայտած խախտումները, որոնք սկանդալային տեղեկություններ էին պարունակում: Կարծիք կա, որ նա ուղղակի չի ցանկանում իր աղմկահարույց մերկացումներով ստվերել հանրապետականների նախընտրական արշավը կամ նրան նախազգուշացրել են, որպեսզի դադարեցնի այդ բացահայտումները: Իսկ եթե Զաքարյանը շարունակեր նույն տեմպերով, արդյունքում Հայաստանի կառավարությունը`իր բոլոր նախարարություններով և պաշտոնյաներով, կորակվեին որպես գողեր: