Արմինֆո.«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրում ներառված է Վահագն Խաչատրյանի եւ Արեն Մալաքյանի «5 երազողները և Ձին» ֆիլմը:
Հիվանդանոցի վերելակավար Մելանյան ուզում է տիեզերք թռչել, գյուղացի Կարենը երազում է հարսնացուի մասին, իսկ Սոնան ու Ամասյան ապրում են ազատ՝ լքված կտուրում, փախչելով հասարակության տաղտուկ նորմերից: Որոշ երազանքներ փախուստ են կյանքից, մյուսները դառնում են նոր իրականություն:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության համաձայն, «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրում ներառված է նաեւ Արա Ճաղարյանի եւ Արտաշես Մաթևոսյանի «Revolivetion» ֆիլմը: Ապաքաղաքական ֆիլմ քաղաքական իրադարձության մասին: 2018-ին կար մի որոշիչ նորույթ. սմարթֆոն ունեցող ամեն ոք ինքնին օպերատոր էր։ Ֆիլմն ամբողջովին հենված է այդ հոժարակամ օպերատորների նկարահանած նյութի վրա:
«Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրում ներառված են նաեւ իրանցի ռեժիսոր Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օր», Դիանա Էլ Ժեյրուդիի (Սիրիա) «Լռության հանրապետություն»,
Շաուքաթ Ամին Քորքիի (Իրաք) «Քննությունը», Յոսեբ «Սոսո» Բիլաձեի (Վրաստան) «Իմ սենյակը», Մարի Սուրաեի (Ռուսաստան) «Ես լակիտ չեմ», Ջումանա Մաննայի (Պաղեստին) «Կերամատակարարները»,
Զայնե Աքյոլի (թուրքական ծագումով կանադացի ռեժիսոր) «Ռոժեք», Քուրդուին Այուբի (Իրաք) «Արև» ֆիլմերը:
Հիշեցնենք, որ այս տարի "Ոսկե ծիրանը" կընթանա հուլիսի 10-17-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Առաջին անգամ "Ոսկե ծիրան" կինոփառատոնը տեղի է ունեցել 2004 թվականի հուլիսին և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավոր կինոփառատոնը, որը հիմնադրվել է "Ոսկե ծիրան" կինոյի զարգացման հիմնադրամի և կինոքննադատների և լրագրողների հայկական ասոցիացիայի կողմից:
"Ոսկե ծիրանի" հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը: Փառատոնի գործողության ողջ ընթացքում Հայաստան են այցելել կինոյի վարպետներ և աշխարհահռչակ դերասաններ, այդ թվում գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, ռեժիսորներ Դարրեն Արոնոֆսկին, Փոլ Շրյոդերը, Յոս Սթելինգը, Քշիշտոֆ Զանուսին, Ռոբ Նիլսենը, Ռոման Բալայանը, Կառլոս Ռեյգադասը, Նադավ Լապիդը, Ալեքսանդր Մինդաձեն, դերասաններ Կլաուդիա Կարդինալեն, Նաստասյա Կինսկին, Օռնելա Մուտին, Ժակլին Բիսեթը, Ֆաննի Արդանը, Պատրիկ Շենեն և այլոք:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ