Արմինֆո.Ադրբեջանի ղեկավարությունը ՄԻԵԴ-ի և Հաագայի միջազգային դատարանի ընդունած դատական ակտերը կկատարի բացառապես քաղաքական պատժամիջոցների կիրառման սպառնալիքի և բուն կիրառման դեպքում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի ոլորտի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանը։
"Այդ դատարաններում Ադրբեջանի նկատմամբ իրավական գործընթացները շարունակվում են՝ Հայաստանից ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու նպատակով։ ՄԻԵԴ-ն ու Հաագայի դատարանն արդեն միջանկյալ որոշումներ են կայացրել։ Սակայն, որպես կանոն, դրանց իրագործումը պահանջում է շատ ժամանակ, որը հաճախ չափվում է, նույնիսկ, տարիներով: Առանց իրավական գործընթացների հնարավոր չէ անել, բայց մեր տղաներին վերադարձնելու հույսեր բացառապես դրանց հետ կապել, նույնպես, չարժե", - ընդգծել է նա։
Պաշտոնական տվյալներով ՝ ադրբեջանական գերության մեջ դեռ պահվում է 38 հայ զինծառայող։ Սակայն, ըստ իրավապաշտպանների տվյալների, նրանց թիվը, իրականում, շատ ավելի է։ Ադրբեջանը, սակայն, թաքցնում է ապօրինաբար պահվող Հայաստանի քաղաքացիների իրական թիվը։
Մինչդեռ, իրավաբանը կարծում է, որ ռազմաքաղաքական տեսանկյունից Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը մտել է փակուղի: Առաջին հերթին, Բաքվի կողմից գերիների հարցը որպես Երեւանից զիջումներ կորզելու քաղաքական լծակ օգտագործելու պատճառով։ Ըստ Ղազարյանի, այդ դիրքորոշումից հետ կանգնել Բաքվին կարող են ստիպել միայն միջազգային պատժամիջոցները։ Քանի որ դրանց բացակայության պայմաններում Ադրբեջանը մանևրելու մեծ հնարավորություններ ունի՝ հայ գերիներին վերադարձնելուց խուսափելու համար։
Միեւնույն ժամանակ, իրավաբանը նշել է, որ ՄԻԵԴ-ի կամ Հաագայի դատարանի դատավորները, ցանկության դեպքում, լիովին կարող են Բաքվին պարտադրել հայ գերիներին վերադարձնել հայրենիք: Նրա գնահատմամբ, դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե դատարաններն իրենց դատավճիռներում ոչ միայն արձանագրեն մարդու իրավունքների խախտման փաստը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների, այլև հանձնարարեն անհապաղ վերացնել այդ խախտումը: Ղազարյանը նշել է, որ նման քայլերի միջազգային դատարանները շատ հազվադեպ են դիմում։
"Այսպես թե այնպես, բայց, իրավական տեսանկյունից, հայ գերիների նկատմամբ Բաքվի դատավարությունները կեղծ են և շինծու՝ սկզբից մինչև վերջ։ Թեկուզ՝ այն պատճառով, որ դրանք ուղեկցվում են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով։ Հրապարակային դատավարության բացակայության փաստն իսկ արդեն կասկածի տակ է դնում մեր տղաների նկատմամբ դատավարությունների ողջ լեգիտիմությունը։ Էլ չենք խոսում մնացած ամեն ինչի մասին։ Բայց Ադրբեջանը շարունակում է այդ տրագիկոմեդիան՝ օգտագործելով նաև սեփական քաղաքական ռեսուրսները։ Այսպիսով, մեր գերիների գործերով իրավական գործընթացների արդյունավետությունը մեծապես կախված է քաղաքական գործընթացներից", - ամփոփել է Ղազարյանը։