Արմինֆո.ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին հայտարարությունը վկայում է Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը բոյկոտելու մասին։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Modus Vivendi վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Հունիսի 28-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի բյուրոն Twitter-ում հայտարարություն է տարածել, որի համաձայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը զրուցել է իր գործընկերների հետ' Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու նպատակով: "Ցավոք, ռուս համանախագահը մեր հրավերը չի ընդունել։ Այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք շարունակել Մինսկի խմբի աշխատանքը", - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշենք, որ երկու օր առաջ Ռուսաստանի հետ ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակներում աշխատելու ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ցանկության բացակայությունից դժգոհել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
"Դա արվում է` նպատակ ունենալով թույլ չտալ ԱՄՆ-ին հանդես գալ այս ձևաչափով արցախյան հակամարտության կարգավորման սեփական առաջարկներով։ Այդ թվում՝ ելնելով Թուրքիայի շահերից։ Քանի որ այդ դեպքում Անկարայի համար շատ դժվար կլինի ինչ-որ բան հակադրել Վաշինգտոնի առաջարկներին։ Թեկուզ՝ այն պատճառով, որ նա դրա համար ոչ մի մանդատ չունի։ Բայց մենք տեսնում ենք, որ դա հեշտ է անել Մոսկվային, ինչն էլ, ըստ էության, հանգեցնում է իրավաբանորեն գոյություն ունեցող ԵԱՀԿ ՄԽ-ի փաստացի անգործության", - ընդգծել է նա:
Մինչդեռ, ըստ Պապյանի, հայկական շահերից է բխում կարգավորման գործընթացի, առնվազն, վերադարձը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների իրավասությանը։ Այս լույսի ներքո՝ կարգավորման գործընթացին Թուրքիայի միջամտությունը թույլ չտալու միակ միջոցը նա համարում է Մինսկի խմբի աշխատանքների եւ նրա մանդատի շրջանակներում բանակցությունների վերականգնումը: Հիշեցնելով, որ դեռ բոլորովին վերջերս Մինսկի խմբին դեմ էին հանդես գալիս Հայաստանի և Արցախի իշխանությունները, իսկ վերջիններս 2020 թվականի դեկտեմբերին Երևանում, նույնիսկ, չէին էլ բարեհաճել հանդիպել ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների հետ, Պապյանն ընդգծել է, որ Երևանն ու Ստեփանակերտն այսօր քաղում են սեփական գործողությունների պտուղները:
Այս ֆոնին՝ վերջին ազդակները, վերլուծաբանի կարծիքով, ցույց են տալիս Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի վերջնական զավթման և Հայաստանի Սյունիքի մարզով միջանցքի վերաբերյալ իրենց քաղաքականության հետևողական իրականացումը։ Մինչդեռ, իրականում, Հայաստանի հետ խաղաղության դարաշրջանին Բաքվում և Անկարայում այսօր չեն ձգտում այնպես, ինչպես երբեք չեն ձգտել։ Այլ ձգտում են հայոց պետականության ոչնչացմանը։
"Այս լույսի ներքո՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր խաղաղ գոյակցության միակ հնարավորությունը ռազմաքաղաքական հավասարակշռությունն է եւ հզոր հայկական պետականության առկայությունը: Խաղաղության մասին խոսակցություններով և նրանց ախորժակների բավարարմամբ մենք ոչ մի թիզ չենք մոտենա խաղաղությանը։ Իսկ նման ռազմաքաղաքական հավասարակշռություն հնարավոր է ձեռք բերել բացառապես Արևմուտքի աջակցությամբ, քանի որ ՌԴ-ը չի ուզում, և չի էլ կարող ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Դա չափազանց բարդ է, բայց հնարավոր է", - ամփոփել է Պապյանը։