Արմինֆո. Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում կանցկացվի ժամանակակից պարարվեստի SUMMEET միջազգային փառատոնը, որի շրջանակում իրենց նախագծերը կներկայացնեն պարային խմբեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից եւ Հայաստանից:
Փառատոնը մեկնարկում է հունիսի 24-ին և կտևի մինչև հուլիսի 2-ը՝ ընդգրկելով ոչ միայն Երևանի, այլև Լոռու մարզի գյուղերի՝ Դեբետի և Դսեղի հարթակները: Փառատոնի համակազմակերպիչ "Սարեր" ՀԿ-ի նախագահ Էռնա Ռևազովայի խոսքով՝ փառատոնն անցկացվում է Հայաստանին ժամանակակից պարարվեստի միջազգային ասպարեզ դուրս գալու և աշխարհահռչակ պարուսույցների ու պարային հաամույթների հետ հայ պարողներին, վարպետներին ծանոթացնելու նպատակով: Նա նաեւ ընդգծել է, որ նախորդ տարվա փորձը թույլ է տվել ավելի լավ պատրաստվել այս տարի փառատոնի անցկացմանը: Հաշվի առնելով, որ վարպետության դասերը կարեւոր հետք են թողնում տվյալ պարային հոսքի զարգացման համար, Ռեւազովան նշել է, որ այս տարի բոլոր դասերը կանցնեն վերանորոգված սրահներում, որտեղ ապահովված են դրանց կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները:
Պատասխանելով ԱրմԻնֆո - ի թղթակցի հարցին' Էռնա Ռեւազովան հաղորդել է, որ այս անգամ SUMMEET-ին ներկա կլինեն Բորիս Էյֆմանի (Սանկտ Պետերբուրգ) պարի ակադեմիայի ներկայացուցիչներ, որոնք տվյալներին համապատասխանելու դեպքում կընտրեն հայ պարողների, ովքեր կկարողանան ուսում ստանալ Սանկտ Պետերբուրգում:
Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար և Հայաստանի ականավոր օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նշել է, որ երկրորդ տարին անընդմեջ ստուդիան մեծ ուրախությամբ իր հարկի տակ ընդունում է ժամանակակից պարարվեստի փառատոնը: Նշելով, որ Հայաստանում բացակայում են ժամանակակից խորեոգրաֆիայի զարգացման հարթակները, երգչուհին ընդգծել է, որ SUMMEET փառատոնը դրա համար էլ անցկացվում է, որպեսզի նոր շունչ հաղորդի հազարամյակներ շարունակ "փոշու" տակ պահվող Հայաստանի պարային ավանդույթներին, նորարար մտածողություն, տեսլական ու համ հաղորդի:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան նշել է, որ SUMMEET-ը շատ պահանջված է Հայաստանի պարարվեստի ուսումնարանի ուսանողների շրջանում: Փառատոնի շրջանակներում 2021 թվականին անցկացված վարպետության դասերը, նրա խոսքով, անհետևանք չեն անցել։ "Կարող եմ միանշանակ ասել, որ երկրորդ փառատոնի նկատմամբ վերաբերմունքը շատ ավելի լուրջ է, թե հանդիսատեսի, թե Հայաստանի պարային հանրության մոտ, ինչը չի կարող չուրախացնել: Կարծում եմ, որ այս միտումը միայն տարեցտարի կաճի", - ասել է SUMMEET-ի գեղարվեստական ղեկավարը:
Հարկ է նշել, որ այս տարի փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ կներկայացվի VR - պարային ներկայացում, որի բեմադրիչը գերմանացի հայտնի պարուսույց Ֆաբիան Պրիովիլն է: Նման նախագծեր Պրիովիլը իրականացրել է աշխարհի շատ երկրներում։ Հայաստանում նախագծի իրականացման համար նա համագործակցել է Balmanukyan Dance Project-ի և ARLOOPA-ի հետ։ Նախագիծը կարելի է դիտել հուլիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, "Սասունցի Դավիթ" սրահում, ժամը 13:00-18:00: Մուտքն ազատ է:
Փառատոնը կավարտվի հուլիսի 2-ին Foret պարային ներկայացումով/ "Անտառը" (18+)՝ ֆրանսիական "Cie d ' Autres Cordes" բեմադրությամբ՝ օպերային ստուդիայի բեմում։
Նշենք, որ փառատոնի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու ժամանակակից պարի բոլոր ուղղություններին, ներկայացումների՝ միջազգային կարգի վարպետների բեմադրությամբ: Բացի այդ, նախատեսվում է անցկացնել վարպետության դասեր եւ դասախոսություններ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետեւյալ հղումներով. https://www.facebook.com/events/337880658529286/?acontext=%7B%22ref%22%3A%2252%22%2C%22 action_history%22% 3a%22[%7B%5C%22surface%5C%22% 3A%5C%22share_link%5C%22% 2C%5C%5C%2MECHANISM%5C%22% 3A%5C%22share_link%5C%22C%2C%5C%22extra_data%5C%22% 3A%7B% 5C%22invite_link_id%5C%22% 3a500695598478768%7D%7D]%22% 7D եւ http://summeetdance.org/lecture2022 . Մուտքն ազատ է։
Փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ http://summeetdance.org/ կայքում:
SUMMEET-ի կազմակերպիչներն են "Սարեր" մշակութային ՀԿ, Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան, Balmanucyan Dance Project պարային համույթը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը: