Արմինֆո.Մայիսի 10-ին Թուրին քաղաքի Palasport Olimpico մարզահամերգային դահլիճի բեմում կայացել է Եվրատեսիլ 66-րդ միջազգային երաժշտական մրցույթի առաջին կիսաեզրափակիչը:
Մեկ տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերադարձավ Եվրատեսիլի մասնակիցների շարքերը Snap երգով, որը կատարեց վանաձորցի երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը (Ռոզա Կոստանդյան): Երգի հեղինակը Ռոզա Լինն է՝ Թամար Կապրելյանի, Լարզ Պրինցիպատոյի, Ջերեմի Դյուսուլետի, Էլլի Կրիստալի և Քորթնի Հարելի համահեղինակությամբ։ Հայաստանցի երգչուհու բեմական շոուի բեմադրիչներն են ավստրիացի ռեժիսոր Մարվին Դիթմանը եւ անգլիացի ռեժիսոր Դեն Շիփթոնը:
Ինչպես հարցազրույցներից մեկում նշել է Ռոզա Լինը, Snap սինգլը նա գրել է ծանր հոգեվիճակում, եւ ստեղծագործական գործընթացը թերապիայի նման մի բան էր: Երգի հիմնական ուղերձը, ինչպես նշել է երիտասարդ կատարողը, այն է, որ բոլոր խնդիրներն ու դժվարություններն ավելի հեշտ է հաղթահարել, երբ ինքդ քեզ ավելի շատ ես գնահատում ու սիրում:
Առաջին կիսաեզրափակիչի քվեարկության արդյունքում Ռոզա Լինը դուրս է եկել եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 14-ին: Եզրափակիչ են անցել նաեւ Ուկրաինայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Մոլդովայի, Լիտվայի եւ Իսլանդիայի մասնակիցները: Երաժշտական մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին։ Նշենք, որ Ռոզա Լինն իր պրոֆեսիոնալ երաժշտական կարիերան սկսել է ՝ համագործակցելով Ամերիկյան Nvak Collective ձայնագրող լեյբլի հետ, որը հիմնադրել է հայ-ամերիկյան երգչուհի եւ երգերի հեղինակ Թամարա Կապրելյանը: 2021 թվականի սեպտեմբերին Լինը թողարկել է իր դեբյուտային King սինգլը ՝ ամերիկացի երգչուհի Կիարի հետ համագործակցությամբ ։ Մարտի 11-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես Ռոզային հայտարարել էր "Եվրատեսիլի" 66-րդ մրցույթում երկրի ներկայացուցիչ: Հայաստանի մասնակցի Snap սինգլի տեսահոլովակը կարելի է դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=gVqGKkm7xBE .