Արմինֆո.Սույն թվականի օգոստոսի 21-ին Լոձում ՀՀ պատվավոր հյուպատոսության ջանքերով բացվեց «Իմ Հայաստան» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին լուսանկարիչներ Վահագն Գրիգորյանի, Գարեգին Աղաբեկյանի և Գևորգ Զուռնաչյանի ստեղծագործությունները։ Ցուցահանդեսը տեղի ունեցավ Լեհաստանում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Լեհաստանում ՀՀ դեսպան պարոն Սամվել Մկրտչյանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեսպան տիկին Կլեմենտին Շակեմբո Կամանգան և Ղազախստանի դեսպանատան խորհրդական Դանիյար Սեիդալիևը։ Ցուցահանդեսը իրենց ներկայությամբ պատվեցին Լոձի վոյեվոդա պարոն Տոբիաշ Բոխենսկին, ինչպես նաև Լեհահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տարոն Վարդապետ Ղուլիկյանը։ Միջոցառման բացմանը ներկա էին օտարերկարացի հյուրեր և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Հայաստանի գույները, արվեստը, խոհանոցը և գեղեցիկ լանդշաֆտները, նպատակ ուներ լեհերի շրջանում էլ ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը և նրա գեղեցիկ մշակույթը։