Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է ստեղծել «Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ։ Համապատասխան նախագիծը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման համար:
Ըստ նախագծի ՝ «Մայրաքաղաք Արտաշատ»-ը տեղակայված կլինի Արարատի մարզի Լուսառատ համայնքում (5,77676 հա), իսկ «Մայրաքաղաք Դվին»-ը ՝ Հնաբերդ համայնքում (12,72126 հա)։ Նախարարությունում ընդգծել են, որ արգելոցների ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք հանդիսանում են հանրապետական նշանակության հուշարձաններ և ընդգրկված են պետական ցուցակում: «Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների ստեղծումը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական պարտավորություն: Դրանց հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցների հաշվին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ մասնավորապես Արտաշատ մայրաքաղաքը ( (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ․.), որը կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա) և Դվինը (Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին)։
Նշվում է, որ այդ պատմամշակութային արգելոցները կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը։ <Զբոսաշրջության կամ տուրիզմի ժամանակակից արդյունաբերությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսության ամենախոշոր, արդյունավետ և առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Շահութաբեր այս ոլորտի զարգացման աննախադեպ տեմպերն իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համամասնական զարգացման վրա: Հայաստանը հանդիսանում է հարուստ զբոսաշրջային ներուժ ունեցող, սակայն միջազգային տուրիզմի շուկայում չափազանց համեստ տեղ գրավող պետություն>,-նշում է նախարարությունը։