Արմինֆո. Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը կոչ է արել <Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն> ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մոլորության մեջ չգցել կեղծ փաստերով:
Facebook-ի իր էջում Կարապետյանը մասնավորապես նշել է. <Երևանի <Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության> ՀՈԱԿ-ում կադրերի կառավարումը տեղի է ունենում ՀՀ օրենսդրության սահմաններում։ Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում այս կամ այն աշխատակցի աշխատանքի արդյունավետությունը գնահատվել և հետագա համագործակցության նպատակահարմարությունը որոշվել է բացառապես ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխան:
<Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության> ՀՈԱԿ-ից վերջին մեկ ամսվա ընթացքում հղի կին չի ազատվել, ազատման ծանուցում կամ բանավոր առաջարկ որևէ հղի չի ստացել: Այդ թվում, խոսքը հաշվապահությունում աշխատող տիկնոջ մասին է, որը շարունակում է իր աշխատանքը բնականոն ընթացքով: Աշխատանքի ազատման ծանուցում ստացած աշխատակիցները կարող են իրենց շահերի պաշտպանության համար գործի դնել տարբեր միջոցներ՝ բացօթյա ասուլիսներ, դատական հայցեր եւ այլն, սակայն կեղծ փաստերով հանրությանը մոլորեցնելու փորձերը անթույլատրելի են>։