Արմինֆո. Կառավարությունն ընդունել է որոշում ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերաբաշխման միջոցով կհատկացվի 422500,5 հազար դրամ:
Կիրականացվեն թվով 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննում, թվով 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) աշխատանքներ, ինչպես նաև թվով 2 քանդակի պատրաստման/վերականգնման և տեղադրման աշխատանքներ։ Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են` պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջությանը խթանմանը:
Մասնավորապես` նախատեսվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում, Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում, Վայոց ձորի Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում, Արագածոտնի մարզի Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և Պարսպապատի ամրակայում, Արարատի մարզի Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում, Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում, Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում և այլն: Գումար կհատկացվի նաև Երևան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար: Կիրականացվի նաև Երերույքի տաճարի և փոքր դամաբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման ծրագիրը` համաֆինանսավորմամբ Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնով և ՌՈՔԵՄՓ (ROCHEMP - Regional Office for Cultural Heritage Enhancement, Management and Protection) ծրագրով