Արմինֆո. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի դեպքեր չեն հայտնաբերվել։ Այդ մասին հաղորդել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ապրիլի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հավելելով, որ ՔԿՀ-ներում անցկացվել են COVID-19-ի մի շարք թեստեր։
Նրա խոսքով ՝ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են իրականացվել վիրուսի ներթափանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է կորոնավիրուսին առնչվող իրավիճակի կապակցությամբ հետեւել Իրանի օրինակին եւ համաներում հայտարարել կալանավորների համար, նախարարը նշել է, որ նման որոշումների համար հիմք կարող է լինել բանտերի բարձր ծանրաբեռնվածությունը: Հաշվի առնելով, որ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 43-44 տոկոս, նման արմատական միջոցների կարիք չկա։
Հիշեցնենք, որ ՔԿՀ-ների տարածք կորոնավիրուսի ներթափանցման հնարավորությունը կանխելու համար արգելվել են կալանավորների հարազատների եւ մերձաավորների այցելությունները: Շփման հնարավորությունն ապահովվում է տեսազանգերի միջոցով։ Բացի այդ, արգելվել է դատապարտյալների համար ծանրոցներ ընդունել, իսկ ՔԿՀ-ներ ելք ու մուտք գործողների, մասնավորապես, ՔԿՀ աշխատակիցների ջերմաստիճանը չափվում է: Կանխարգելիչ նպատակներով իրականացվում է նաև տարածքների ախտահանում: