Արմինֆո. Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) կորոնավիրուսի համաճարակի առնչությամբ անցնում է մարզերի երիտասարդների ուսուցման հեռավար մոդելի: Այդ մասին ասվում է կենտրոնի պաշտոնական հայտարարությունում։
Ըստ աղբյուրի, կենտրոնի թիմը ներդրել է հեռավար ռեժիմով ուսումնական գործընթացի կազմակերպման մեթոդաբանություն: Մասնավորապես, Google Hangouts եւ Webex հարթակները հնարավորություն են ընձեռում դասերն անցկացնել նախատեսված ժամանակացույցով:
Կրթության հեռավար գործընթացի կազմակերպման գործում հիմնական մարտահրավերը, ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի կարծիքով, տեխնիկական միջոցների բացակայությունն է և ինտերնետ կապի որակը:
Այս փուլում, ինչպես նշել է կենտրոնի ղեկավարը, իրականացվում է սարքավորումների ինտենսիվ գույքագրում՝ հասկանալու համար համակարգիչներ կամ այլ տեխնիկական միջոցներ չունեցող ուսանողների թիվը: Այս առնչությամբ նա հաղորդել է, որ մեծ թվով հայրենակիցներ պատրաստակամություն են հայտնել մարզերում ուսանողներին ապահովել անհրաժեշտ տեխնիկայով:
Աղբյուրը նշում է, որ ԳՏՏԿ-ն ծրագրավորման համալիր դասեր է կազմակերպում Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում: Մասնագիտական առարկաների թվում են անգլերենը, ծրագրավորման հիմունքները, դիսկրետ մաթեմատիկան, ալգորիթմների տեսությունը և տվյալների բազան։
Բացի այդ, կենտրոնն իր շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում պրակտիկա անցնել լավագույն ՏՏ ընկերություններում, իսկ ստեղծված պայմաններում՝ հեռավար ռեժիմով:
Հիշեցնենք, որ Հայաստանի բոլոր կրթական հաստատությունները կորոնավիրուսի տարածման կապակցությամբ մարտի 16-ից անցել են հեռավար ուսուցման: