Արմինֆո. Հայաստանի առեւտրային ցանցերի պահեստներում ապրանքների դեֆիցիտ չկա։ Այդ մասին մարտի 17-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ շուկայում նկատվում է նպարեղենի, մասնավորապես, ձավարեղենի եւ այլ ապրանքների գների աճ, ինչը կապված է քաղաքացիների խուճապային գնումների հետ: Այդ կապակցությամբ վարչապետը քաղաքացիներին կոչ է արել հանգստություն պահպանել։ Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սպիրտի գնի բարձրացումը, որի մասին այսօր շատ է խոսվում, կապված է ոչ թե կորոնավիրուսի, այլ հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ, որոնք մտցվել են դեռ կորոնավիրուսից առաջ:
Անդրադառնալով ախտահանող միջոցներին՝ վարչապետն արձանագրել է, որ դրանց գինը մնացել է նույնը: Ընդ որում, հղում անելով իր աղբյուրներին, Փաշինյանն ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանի խոշոր սուպերմարկետներում նկատվում է առեւտրի 30-40% աճ, մինչդեռ փոքր առեւտրային կետերում, ընդհակառակը, անկում է գրանցվել: Այս առնչությամբ վարչապետը քաղաքացիներին կոչ է արել չմոռանալ փոքր և միջին բիզնեսի մասին և գնումներ կատարել նաև մերձակա խանութներում, որտեղ կան անհրաժեշտ ապրանքների կուտակումներ: