Արմինֆո.Կորոնավիրուսով վարակված 15 անձանցից 14-ի առողջական վիճակը բավարար է: Թոքաբորբով հիվանդը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այդ մասին մարտի 14-ին Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ հաղորդել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը չի բացառել, որ Էջմիածնի տխրահռչակ նշանադրությանն առնչվող անձանց շրջանում, որոնք, գրեթե բոլորը, մեկուսացված են, կարող են հայտնաբերվել կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր: Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի առնչությամբ մեկուսացվել է մոտ 200 մարդ։ Մեկուսացման ենթակա քաղաքացիները պետք է ունենան վարակված անձի հետ շփման հաստատված փաստ։
Նախարարը քաղաքացիներին կոչ է արել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հետեւել առողջապահության նախարարության հանձնարարականներին, հրաժարվել զանգվածային միջոցառումներ այցելությունից, հետեւել անձնական հիգիենային, հաճախ լվանալ ձեռքերը եւ նվազագույնի հասցնել շփումներն այլ անձանց հետ: