Արմինֆո. Մարտի 15-ին Իտալիայից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիները չեն շփվի այլ ավիաուղեւորների հետ։ Այդ մասին մարտի 13-ին լրագրողներին հաղորդել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռևազյանը։
Նա ընդգծել է, որ կոմիտեն սերտորեն համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ ԱԳՆ հետ: Նրա խոսքով՝ Իտալիայից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիների ստույգ թիվը ավելի ուշ կտրամադրվի ՀՀ դեսպանության կողմից: Այս փուլում կարելի է ասել, որ դրանց թվում են զբոսաշրջիկներ, ուսանողներ, ինչպես նաև Իտալիայում բնակվող քաղաքացիներ։ Ինչպես նշվել է, օդանավակայանում աշխատանքներ են տարվում ուղևորների դիմավորումը կազմակերպելու ուղղությամբ, որոնք կժամանեն տվյալ չվերթով։ Մասնավորապես, կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի բացառվեն այլ չվերթներով ժամանող ուղեւորների հետ նրանց շփման հավանականությունը։
Ռեւազյանը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք կկազմակերպվեն լրացուցիչ չարտերային չվերթներ Իտալիայից: Նրա խոսքով՝ այդ հարցին հնարավոր կլինի պատասխանել միայն վերջնական տեղեկատվություն ստանալուց հետո։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Հայաստանը կփակի ավիահաղորդակցությունը նաև այլ երկրների հետ, որտեղ նույնպես լարված իրավիճակ է կորոնավիրուսի առնչությամբ, ապա Ռևազյանը նկատել է, որ նման քայլը կբարդացներ ավիաուղևորների նկատմամբ վերահսկողությունը, քանի որ նրանք կարող են տարանցիկ չվերթներով էլ ժամանել:
Նա նաև անդրադարձել է "Արմենիա" ավիաընկերության չվերթների կրճատման մասին վերջերս տարածած հաղորդագրությանը։ Ռեւազյանն ընդգծել է, որ նման իրավիճակ է դիտվում ողջ աշխարհում, հատկապես, Եվրոպայում, ինչը կապված է ուղեւորահոսքի կտրուկ նվազման եւ, որպես հետեւանք, առեւտրային բնույթի խնդիրների հետ: Միևնույն ժամանակ, ինչպես նշվել է, դեռ վաղ է խոսել կոնկրետ վնասների մասին, որոնք կրում է ավիափոխադրումների ոլորտը։
Հավելենք, որ Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, իսկ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 15 հազարը: Հայաստանը, ինչպես Չինաստանի եւ Իրանի պարագայում, դադարեցրել Է Իտալիայի հետ ավիահաղորդակցությունը: ՀՀ քաղաքացիների առաջին խումբը Իտալիայից Հայաստան է վերադարձել այս շաբաթ հատուկ չվերթով, և երեք հոգու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս պահին Հայաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել վեց մարդու մոտ։