Արմինֆո. <Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին> օրենքը կզրկի պոտենցիալ կոռուպցիոներներին մոտիվացիայից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը։
<Խորհրդարանում քննարկվող օրինագիծը, որը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում, այդ թվում ՝ առամց մեղադրական դատավճռի, այս շաբաթ օրակարգ կմտցվի։ Եվ իրավաբանները, որոնք ներկայանում են որպես ընդդիմություն գործող իշխանությանը, այդ գաղափարի առաջին իսկ հիշատակման դեպքում այն որակեցին՝ իրավունք հորինելու իշխանության փորձ>, - նշել է նա ։
Նման հայտարարությունները խորհրդարանականը գնահատում է որպես հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձ։ Նրա խոսքով ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեխանիզմների առկայությունը՝ առանց մեղադրական դատավճռի հրապարակման, հաստատված է միջազգային պրակտիկայով: Հետևաբար՝ հենց այդ մեխանիզմներն են, Տիգրանյանի կարծիքով, դառնում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման լրացուցիչ գործիքներ։ Ներդրման և կիրառման դեպքում տվյալ օրենքը պարզապես կզրկի պոտենցիալ կոռուպցիոներներին մոտիվացիոն գործոնից, քանի որ ապօրինի ծագում ունեցող գույքը կբռնագանձվի հօգուտ պետության։
<Անհրաժեշտ է հասկանալ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ամենևին էլ չի ենթադրում նախկին կոռուպցիոներներով լեփ-լեցուն բանտեր, կամ այն պետք է սահմանափակվի մի քանի տասնյակ դատական գործերով: Այսօր Հայաստանում գոյություն ունեցող քրեական դատավարության ընթացակարգերը թույլ չեն տալիս ողջամիտ մարդկանց ակնկալել հետաքննության տեմպեր՝ այդ գործերով դատական փորձաքննության փուլին հասնելու համար։ Այս առումով մենք այսօր ունենք տասնյակ քրեական գործեր ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որոնք դեռեւս քննության փուլում են>, - նշել է նա ։
Ըստ խորհրդարանականի՝ նման բոլոր գործերով մեղադրական դատավճիռների քանակը որևէ կերպ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ցուցանիշ չէ։ Նրա կարծիքով, այն, որ երկրում համակարգային կոռուպցիան գլխատված է, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ մակարդակից իրական մակարդակի է անցել, այսօր արդեն ոչ ոք չի կասկածում: Նշենք, որ վերջերս կառավարությունում իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում իրավապահ մարմինները ղեկավարել են դավաճանները: Դժգոհելով կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերից ՝ վարչապետը հայտարարել էր <ժողովրդից ու պետությունից գողացված միջոցները վերադարձնելու> անհրաժեշտության մասին։
<Չնայած այն հանգամանքին, որ <թավշյա հեղափոխությունից> հետո կոռուպցիոն գործերի քննության շրջանակներում բյուջե է վերադարձվել արդեն 150 մլն դոլար, իրավապահների դանդաղկոտության պատճառով կոռուպցիոներները կամ հասցնում են փախչել Հայաստանից, կամ ՝ թաքցնել կամ ոչնչացնել ապացույցները։ Ոչ միայն առանցքային վկաները, այլև մի շարք գործերով կասկածյալներն ու մեղադրյալները լքել են Հայաստանը, ինչը քննությունը փակուղի է մտցրել։ Բոլոր այս փաստերը վարկաբեկում են իրավապահ համակարգը, ընդհանուր առմամբ, եւ կոռուպցիայի դեմ պայքարը՝ մասնավորապես>, - հայտարարել էր Փաշինյանը: