Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացվել են ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ զինված ուժերի անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ Ալիկ Ալեքսանյանին պաշտոնից ազատելու միջնորդություններ: Այդ տեղեկությունը հաստատել են նախագահի աշխատակազմում, նշելով, որ նախագահը դեռ չի ստորագրել միջնորդությունները։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին հայտնի էր դարձել տարեսկզբից հայկական բանակում 13-րդ զինծառայողի մահվան մասին, և գրեթե բոլոր այդ մահերը տեղի են ունեցել չպարզված հանգամանքներում։ Հասարակության շրջանում բուռն քննարկվում է այս փաստը, սոցիալական ցանցերում արդեն պահանջում են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հրաժարականները: Այս իրավիճակի կապակցությամբ ավելի վաղ վարչապետի մոտ տեղի էր ունեցել պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն: Փետրվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում, անդրադառնալով նախօրեին կառավարությունում պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը, գրել էր. "Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եւ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, սակայն, կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եւ մենք կհաղթենք: Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին"։