Արմինֆո.Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեծ ուրախությամբ եմ ցանկանում արձանագրել, որ իմ պաշտոնավարումից ի վեր, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, տիկին կանցլերի հետ մենք հանդիպում ենք արդեն երրորդ անգամ: Սա ինքնին խոսուն փաստ է, ինչը վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործնկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով։ Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ:
Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Դրանք միավորում են մեր երկու երկրները և հուսալի հենք ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար:
Ուրախ եմ արձանագրել, որ մենք այսօր կապված ենք նաև փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով։ Պատրաստ ենք անել հնարավորը այն առավել ամրապնդելու և առաջ մղելու համար: Քիչ անց տիկին Մերկելի հետ հնարավորություն ենք ունենալու քննարկելու մեր համագործակցության օրակարգը:
Առանձնակի ցանկանում եմ շեշտել այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին: Մենք երախտապարտ ենք Գերմանիայի և Եվրոպական Միության բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար: Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունը ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար>,- ասել է Փաշինյանը: