Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմին: Ողջունելով դեսպանին՝ նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում երկու երկրներն ունեն համագործակցության ընդլայնման մեծ հեռանկար։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրողների ընդլայնված պատասխանատվության սկզբունքների վերաբերյալ ԵՄ դիրեկտիվների մոտարկման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզի մշակման հարցերը:
Հանդիպման օրակարգում էին նաև Սևանի հիմնախնդիրներն ու առցանց հոսքաչափական տվյալների ստացման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման հարցերը: Տեղեկատվական համակարգի ներդրման արդյունքում կստեղծվի հարթակ, որը կնպաստի ջրային ռեսուրսների հաշվառմանը, փաստացի ջրածախսերի հսկողությանը և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Դեսպան Թիդեստրյոմին շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով, որ մեծ կարևորություն է տալիս երկու երկրների միջև փորձի փոխանակմանը:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև քիմիական նյութերի համահունչ կառավարման ոլորտում համագործակցությանը՝ այդ թվում աղտոտված հողերի կադաստրի ստեղծման ծրագրերի մշակմանը:
Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Ի․Ղափլանյանը, դեսպանի խորհրդական և ժամանակավոր հավատարմատար Բիրգեր Կարլսոնը: