Արմինֆո. Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակն ուղարկվել է ԱԱԾ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արեւիկ Խաչատրյանը:
Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Նաիրի Հունանյանը նամակ է գրել ՀՀ վարչապետին։ Սակայն, նամակի բովանդակությունը չի հրապարակվել։ Նիկոլ Փաշինյանն այս նամակը ուղարկել է Գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազությունն իր հերթին նամակն ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ Հոկտեմբերի 27-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հունանյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործի քննությանը, որը վերաբացելու մասին որոշում կա: