Արմինֆո. 2020 թվականից Հայաստանում կմեծանա ուռուցքաբանական հիվանդների պետական աջակցության ընդգրկվածությունը:
ՀՀ Առողջապահության նախարարության հաշվետվության համաձայն՝ ընթացիկ տարվա մարտից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող հիվանդները հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային Տրաստուզումաբ դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: Միևնույն ժամանակ, աշխատանք կտարվի դեղատներում Տրաստուզումաբ դեղի մանրածախ գնի իջեցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական մետաստատիկ քաղցկեղ ունեցող հիվանդներին, որոնք ընդգրկված չեն պետական ծրագրում, բարձրացնելու թիրախային բուժման հասանելիությունը:
Մարտից նախատեսվում է բարձրացնել նաև ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը։ 2020թ. Ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար` ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
Եռամյա պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող` դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ: Պայմանագրի կնքման շնորհիվ, 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան կտրամադրվի ինսուլին դեղերը: Աղբյուրի համաձայն՝ Արցախին 10 նոր շտապօգնության մեքենա նվիրելու որոշում է կայացվել: Մեքենաները գնվել են Հայաստանի պետական բյուջեի միջոցներից և Արցախում կլինեն մարտ ամսին: