Արմինֆո.Ալմաթիում ընթանում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բացի այդ, նեղ կազմով հանդիպմանը վարչապետներից յուրաքանչյուրի հետ ներկա են պատվիրակության 2-ական անդամներ։
Նիստի մեկնարկից առաջ կառավարությունների ղեկավարները մասնակցել են համատեղ լուսանկարմանը։ Նեղ կազմով հանդիպումը մամուլի համար փակ ռեժիմով է ընթանում։ Դրանից հետո վարչապետները նիստին կհավաքվեն ընդլայնված կազմով։
Ավելի վաղ ԵԱՏՄ վարչապետները Ալմաթիում ելույթ են ունեցել "Գլոբալ տնտեսության թվային ապագան" համաժողովում:
ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպման օրակարգում են այդ միավորման գործունեության և դրա նորմատիվ-իրավական բազայի հետագա կատարելագործման արդիական հարցերն:
Նիստին առաջնահերթ ուշադրություն կդարձվի ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը, ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրմանը, մաքսային կարգավորման ոլորտներում փոխգործակցությանը և միության ընդհանուր շուկաների ձևավորմանը: Նախատեսվում է քննարկել Եվրասիական տարածքում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման և պաշտպանական միջոցների կիրառման կատարելագործման մի շարք նախաձեռնություններ ՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու բազմակողմ ինտեգրացիոն միավորումների փորձը, ինչպես նաև քննարկել ԵԱՏՄ անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի փոխադարձ առևտրում վերազգային կարգավորում սահմանելու մասին համաձայնագրի նախագծի մշակման աշխատանքների ընթացքը և մի շարք այլ հարցեր: