Արմինֆո. ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը հունվարի 30-ին հրավիրվել է Քննչական կոմիտե:
Այդ մասին Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։ Նրա հավաստմամբ, Վանեցյանը հարցաքննվել է երկու քրեական գործի շրջանակներում: "Առաջին գործը վերաբերում էր հեռախոսազրույցների գաղտնալսմանը։ Տվյալ քրեական գործի շրջանակում ստուգվել է նաև Վանեցյանի բջջային հեռախոսը: Մյուս գործը վերաբերում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում չարաշահումների դեպքերին։ Երկու քրեական գործերով էլ Վանեցյանն անցնում է որպես վկա", - ընդգծել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվել էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը: Երեքն էլ մեղադրվում են 2008 թվի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար:
Ավելի ուշ հրապարակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը, որի ընթացքում Փաշինյանն ու Վանեցյանը քննարկում են Յուրի Խաչատուրովի ձերբակալությունը, այդ քայլի հնարավոր հետեւանքները: