Արմինֆո. Հանրապետության հրապարակում հին Երևանի պատմական շերտի բացման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել ։ Այդ մասին Արմինֆոյի հետ զրույցում ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ 2003 թվականին հայտնաբերված ստորգետնյա քաղաքն ընկած է ԱԳՆ նախկին շենքից դեպի կառավարության շենքի աշտարակ։ Հնագետները, մասնավորապես, հայտնաբերել են XVI-XVII դդ. պատկանող նկուղային շինություններ՝ չորս մետր խորությամբ, որոնք կառուցվել են կարմիր և սև տուֆից։ Դրանք օգտագործվել են որպես բնակելի սենյակներ, ունեին որոշակի թեքությամբ պատուհանների բացվածքներ՝ արևոի լույսի ներթափանցման համար: Մինչդեռ 17 տարի առաջ որոշում էր կայացվել կոնսերվացնել հայտնաբերված պատմական շերտը, այն լցնել ավազով և ծածկել ասֆալտով։
Փոխնախարարի խոսքով՝ տվյալ տեղամասը թանգարանային օբյեկտ դարձնելու հարցով կանցկացվեն փորձագիտական մանրակրկիտ քննարկումներ, որոնց արդյունքների մասին հանրությանը կիրազեկվի: "Գլխավոր հարցն այն է, թե արդյոք հնարավոր է բացել և ամրապնդել այդ պատմական շերտը։ Պետք է հասկանալ՝ արժե արդյոք ապակիով փակել այդ հատվածը, թե զբոսաշրջիկները կարող են իջնել ներքեւ եւ զբոսնել հին քաղաքում։ Այդ հարցերը կքննարկվեն հնագետների եւ ճարտարապետների հետ", - տեղեկացրել է Խաչատրյանը։
Նրա ասելով ՝ խոսքն այն մասին չէ, որ հենց այս տարի զբոսաշրջիկների համար բացվի այդ հատվածը։ Ինչպես նշվել է, 2020-ին այս նախագիծը մանրակրկիտ կքննարկվի, եւ եթե բոլոր կողմերը (փորձագետները եւ հասարակությունը) դրական գնահատեն այն, ապա կիրականացվի հետեւողականորեն, քայլ առ քայլ:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում հին քաղաքի յուրօրինակ թանգարանային օբյեկտ դարձնելու մասին հունվարի 9-ին Facebook-ի իր էջում հաղորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: