Արմինֆո. Բալային համակարգը ունի թերություններ ամբողջ աշխարհում, բայց նրա կանխարգելիչ պոտենցիալը շատ մեծ է:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը ՝ մեկնաբանելով ուժի մեջ մտած համապատասխան օրենքը ։
<Այո, օրենքի վերջնական տեքստում կան փոփոխություններ, որոնց իմաստը ես էլ չեմ հասկանում մինչև հիմա / ներողություն եմ խնդրում անհամեստութան համար/, բայց եկեք չմոռանանք, որ օրենսդրական նոր լուծումների հիմնական նպատակը մեր քաղաքացիների կյանքի ու առողջութան պաշտպանությունն է: Պիտի դժբախտությունը մտնի մեր տուն, որ նոր պետությունից օրենք պահանջենք?: ՃՏՊ -ի կանխարգելման ոստիկանական մեթոդները իրենց սպառել էին, տուգանքների բարձրացումը ու վարչարարութան խստացումը բերել էին նրան, որ վարորդը դարձել էր որս, ՃՈ էլ՝ արտաբյուջետային լեվիաֆան: Անթուլլատրելի է այս օրենքի քաղաքականացումը, սա անվտանգային փաստաթուղթ է: Ժամանակ է պետք պետական մարմիններին հանգիստ պայմաններում իրականացնեն օրենքի կիրառման մոնիթորինգը, հասկանան թերություներն ու առավելությունները, անհրաժեշտութան դեպքում առաջարկեն օրենսդրական շտկումներ: Իհարկե ճանապարների որակը բարձրացնելու պահանջը պետք է մնա օրակարգում, բայց բալային ռեֆորմին զուգահեռ: Բալային համակարգը ունի թերություններ ամբողջ աշխարհում, բայց նրա կանխարգելիչ պոտենցիալը շատ մեծ է ու բարեփոխման կուլմինացիան չպետք է համարվի օրենքի ընդունումը>,- գրել է նա:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 9-ին ՀՀ խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում, որոնք ուղղված են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նոր մեխանիզմների ներդրմանը: Փոփոխությունների համաձայն՝ յուրաքանչյուր վարորդ, ով տարեսկզբին ստացել է վարորդական վկայական, կապահովվի 9 միավորով, որոնք հետագայում կնվազեն 3-ից 5 միավորով՝ կախված կատարված իրավախախտման ծանրությունից։ Կրկնակի իրավախախտման դեպքում վարորդը տրանսպորտային միջոցով վարելու իրավունքից կզրկվի 6 ամիս ժամկետով, այդ ժամկետը լրանալուց հետո հնարավորություն կստանա վերադարձնել վարորդական վկայականը 9 միավորով: Վարորդը պետք է իմանա, որ հերթական վթարի դեպքում ինքը կարող է 1 տարի ժամկետով զրկվել իրավունքից։ Փաթեթով նախատեսված է վարորդների վերապատրաստման կարգը: Այսպես, 6 ամիս ժամկետով վարորդական իրավունքից զրկվելու դեպքում առնվազն երեք ամիս ուսուցում անցած վարորդը կկարողանա սահմանված ժամկետից շուտ վերադարձնել վարորդական վկայականը։ 3-4 միավոր ունենալու դեպքում էլ վարորդը, անցնելով ուսուցում, հնարավորություն կստանա վերադարձնել 2 միավոր։ Ավտոմեքենայի տեխնիկական զննության պարտադիր պահանջը մնում է ուժի մեջ, սակայն տրանսպորտային միջոցի դիմապակուն կտրոնի առկայության պահանջը պարտադիր չէ: Միաժամանակ, փաթեթով նախատեսվում է խստացնել ճանապարհներին առանձնապես վտանգավոր իրավախախտումներ կատարելու համար պատասխանատվության միջոցները: Այսպես, խստացվում է առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու պատասխանատվությունը։ Այդ դեպքում նախատեսվում է կիրառել 200-300 հազար դրամի տուգանք կամ 3 ամսվա բանտարկություն՝ մեկ տարվա ընթացքում աշխատանքային գործունեության իրավունքից զրկելով: Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար սահանվում է 300-500 հազար դրամ տուգանք կամ 6 ամիս ժամկետով ազատազրկում՝ 1 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության իրավունքից զրկելով: