Արմինֆո.<Դալմա Գարդեն Մոլի> շենքում ցնցումների պատճառ կարող է լինել օդափոխման համակարգի մաշվածությունը: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը։
Ինչպես նշվել է, այս պահին ԱԻՆ մասնագետները մանրակրկիտ աշխատանք են կատարում ՝ պարզելու շենքում վիբրացիայի իրական պատճառը։ <Դալմա Գարդեն Մոլի> դեպքում օդափոխման համակարգը գտնվում է տանիքի տարբեր հատվածներում: ԱԻՆ ներկայացուցիչները արդեն մոլի ղեկավարությունից պահանջել են հիշյալ տեխնիկայի տեխնիկական անձնագրերը՝ պարզելու վերջինիս հզորությունը և ծանրաբեռնվածությունը: Մարգարյանը տեղեկացրել է, որ օդորակիչները, ինչպես և ցանկացած այլ տեխնիկա, ժամանակի ընթացքում մաշվում են, ինչը կարող է աշխատանքի խափանման պատճառ դառնալ և վիբրացիա առաջացնել: