Արմինֆո.Մեր հարևան տարածաշրջանում լիցքաթափման նշանները հուսադրող են: Այն կայուն դարձնելը գերակա խնդիր է: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: ՙՄենք կոչ ենք անում մեր կարևորագույն գործընկերներ Միացյալ Նահանգներին և Իրանին աշխատելու տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղղությամբ՚, - հավելել է Հայաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակը սրվել է իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը կառավարությանը պարտավորեցրել է "վերջ դնել օտարերկրյա ուժերի ռազմական ներկայությանը եւ դադարեցնել աշխատանքը անվտանգության համաձայնագրի շրջանակներում, որը կնքվել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի հետ":
Հաջորդ օրերին Իրանը մի շարք հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան ռազմակայաններին։ Հրթիռակոծությունից 16 ժամ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է խաղաղության ՝ միաժամանակ հայտարարելով Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին։