Արմինֆո. Անկախության տարիներին, 1991-2018թթ. ընթացքում Հայաստանից հեռացել է մոտ 1.1 մլն մարդ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի ղեկավար Արտակ Մարկոսյանը։
"Միայն 2008-2017թթ. ընթացքում երկրից հեռացել են 200 000, հիմնականում, աշխատունակ, մտածող և, համապատասխանաբար, ապահովված քաղաքացիներ։ Սա խոսում է այն մասին, որ մարդկանց արտագաղթի մասին մտածելու դրդող խնդիրները բնավ չեն հանգել սոցիալական բնույթի խնդիրների։ Մարդիկ, պարզապես, իրենց ապագան Հայաստանի հետ չեն կապել։ Եվ այսօր, երբ իրավիճակն այս առումով սկսում է փոխվել, խիստ անհրաժեշտ է նման միտումներն ամրապնդել, իրականացնելով բարեփոխումներ, ստեղծելով աշխատատեղեր ու նախադրյալներ աշխատավարձերի շարունակական աճի համար", - ընդգծել է նա։
Ժողովրդագրագետի գնահատմամբ, ժողովրդագրական խնդիրների լուծմանը նպատակաուղղված և 2020 թվին մեկնարկած ծրագրերը նաև կնպաստեն տնտեսական աճին: Վերջինս, իր հերթին, պետք է նպաստի հետագայում երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։
Որպես նման շղթայի օղակների արդյունավետ փոխգործակցության օրինակ Մարկոսյանը նշել է պետության ֆինանսական աջակցության ավելացման հեռանկարը երրորդ երեխա ունենալ ցանկացող ընտանիքների համար: Նրա կարծիքով, արդեն այսօր անհրաժեշտ է մտածել այն պետական ծրագրերի ներդրման մասին, որոնք խթանում են հայ ընտանիքներում երրորդ երեխայի հայտնվելը: Եվ այս գործընթացում լավագույն օժանդակությունը Մարկոսյանը համարում է տնտեսական աճը, ինչը թույլ կտա պետությանը դրան ուղղել բավարար քանակությամբ միջոցներ։
Ժողովրդագրագետը համոզված է, որ Հայաստանի ժողովրդագրական խնդիրները հնարավոր է լուծել հենց ծնելիության բարձրացման, տնտեսական աճի և արտագաղթի մակարդակի էական նվազման համադրմամբ։ Ըստ նրա այդ ուղղությամբ արդեն իսկ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես՝ ծնելիության բարձրացման խնդրի լուծման ուղղությամբ։
"Օրինակ, գյուղերում աշխատող մայրերին պետության աջակցությունը հանգում էր առաջին երեխայի ծննդյան միանվագ 50 հազար դրամ նպաստին։ Այսօր այդ գումարն ավելացել է 6 անգամ։ Դրան գումարած՝ գյուղացիները 2 տարվա ընթացքում մեկ երեխայի համար կստանան ավելի քան 900 հազար դրամ։ Դա շատ լուրջ օգնություն է, և ծնելիության բարձրացմանն աջակցության, խթանման ուղղությամբ նման աշխատանքներ իրականացնելը պետք է հետևողականորեն խորացնել", - եզրափակել է Մարկոսյանը։
2019 թվականի հունվարի 1-ի տվյալներով Հայաստանի բնակչությունը կազմել է 2 մլն 965 հազար 100 մարդ։ 2018 թվականին բնակչությունը կազմել է 2 մլն 972 հազար 700 մարդ։ ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, առկա ժողովրդագրական և միգրացիոն միտումների պահպանման պայմաններում Հայաստանի բնակչությունը 2100 թվականին կկրճատվի մինչև 2 միլիոն մարդ։