Արմինֆո. Պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով 18 անձանց մուտքը երկիր․Դուբայ-Երեւան չվերթի մեկ ուղեւոր դուրս է բերվել արտահերթ:
Ինչպես տեղեկացնում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, Ամանորի շրջանում տեսչական մարմինն աշխատում է ուժեղացված ռեժիմով։
Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեցված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով։
Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել են Վրաստանից։
ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի եւ Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 18 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից երկուսի մոտ դա ուղեկցվել է նաեւ անհայտ ցանավորմամբ, մեկի մոտ արձանագրվել է ցան՝ առանց ջերմության։ Նշված քաղաքացիներից մեկի մոտ առկա է եղել տենդ, փսխում, ցավ՝ որովայնի եւ կոկորդի շրջանում։
Իսկ "Զվարթնոց" օդանավակայանի հսկիչ կետից դիտարկման արդյունքում Դուբայ-Երեւան չվերթի մեկ ուղեւոր օդանավակայանի ժամանման սրահից դուրս է բերվել արտահերթ՝ այլ ուղեւորների եւ օդանավակայանի աշխատակիցների հետ շփումը նվազեցնելու նպատակով։
Տվյալ անձանց առողջական վիճակի մասին տեղեկացվել է համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ։