Արմինֆո.Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը:
Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար>,- գրել է նա:
Նշենք, որ Սուլեյմանիի սպանությունն արդեն հանգեցրել է Մերձավոր արեւելքում իրավիճակի սրման։ Հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը կառավարությանը պարտավորեցրել է "վերջ դնել օտարերկրյա ուժերի ռազմական ներկայությանը եւ դադարեցնել աշխատանքը անվտանգության համաձայնագրի շրջանակներում, որը կնքվել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի հետ": Ի պատասխան՝ հունվարի 7-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը լրագրողներին հայտարարել է, որ Պենտագոնը Իրաքից զորքերը դուրս բերելու ծրագրեր չունի, և ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ կհետեւի "զինված հակամարտության օրենքներին": Իրանն, իր հերթին, հայտարարել Է միջուկային գործարքից դուրս գալու մասին։