Արմինֆո. Քասեմ Սուլեյմանիի սպանությունը, որին հաջորդում է միջուկային համաձայնագրից Թեհրանի դուրս գալը, ԱՄՆ-ի եւ Իրանի ՝ պրոքսի պատերազմների փուլ վերադառնալու վկայությունն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հանրային խորհրդի ղեկավար, Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։
Իրանցի ազդեցիկ գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի "Ալ Քուդս" հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 2-ի՝ լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետեւանքով: Սուլեյմանիի հետ միասին զոհվել են շիաների "Ալ Հաշդ աշ Շաաբի" աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսը ու եւս մի քանի մարդ:
"Սկզբունքորեն, այս փուլը վերսկսվել է դեռեւս Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո։ Այս համաձայնագրի ձեռքբերումն, առաջին հայացքից, Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերություններն անհամեմատ ավելի հանգիստ և կառուցողական հուն էր տեղափոխել։ Սակայն ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո պարզ դարձավ, որ Իրանի հետ հարաբերություններում լարվածության աճն անխուսափելի է։ Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը նշանակում էր խաղի կանոնների համատարած փոփոխություն", - ընդգծել է նա։
Նոր կանոնների շրջանակում ԱՄՆ-ը, վերլուծաբանի գնահատմամբ, ձգտում է իրանցիներին կրկին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն, զգալիորեն ավելի կոշտ պայմաններով: Թեհրանում իրենց հերթին հիանալի հասկանում են, որ այս անգամ բանակցություններն ու սահմանափակումները չեն սահմանափակվի բացառապես Իրանի միջուկային ծրագրով։ Վաշինգտոնը կփորձի վերահսկողության տակ առնել իրանական հրթիռների արտադրությունը, հարակից այլ հարցեր։
Այս լույսի ներքո՝ ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի լուծարմանը հաջորդող ողջ շրջանում Վաշինգտոնը և Թեհրանը բացահայտորեն միմյանց դեմ ահաբեկման քաղաքականություն են վարել։ Եվ Սուլեյմանիի լիկվիդացումը, որին հաջորդում է միջուկային գործարքից արդեն Թեհրանի դուրս գալը, այդ քաղաքականության մի մասն է։ Ինչն, իր հերթին, նշանակում է երկու երկրների հարաբերությունների վերադարձ պրոքսի-պատերազմների փուլ։
Սուլեյմանիի սպանությունը, ըստ Սաֆարյանի, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ միջնորդավորված պատերազմի մի մասն է միայն։ Եվ նման դիվերսիաները, նրա կանխատեսմամբ, քիչ չեն լինի երկու կողմից։ Ընդ որում, վերլուծաբանը իրանցի զինվորականի ոչնչացումը գնահատում է որպես պատիժ իրանցիների կողմից ամերիկյան անօդաչու սարքի ոչնչացման, Օրմուզի նեղուցում մի քանի արեւմտյան նավերի կալանավրման, Բաղդադում ԱՄՆ դեսպանատան գնդակոծման համար:
"Իմ կարծիքով, այդ պրոքսի պատերազմներն արդեն իրենց գագաթնակետին են, քանի որ կողմերը քաջ գիտակցում են ուղիղ պատերազմ սկսելու անհնարինությունը։ Թե ԱՄՆ-ում, թե Իրանում դրանով շահագրգռված չեն։ Այս լույսի ներքո՝ պրոքսի պատերազմները հենց Իրաքի տարածքում անխուսափելի են: Առայժմ քաղաքական շերտն այդ պատերազմներում շատ մեծ է, ինչը հակամարտության այս փուլի կարգավորման շանսեր է թողնում, առաջին հերթին, հաշվի առնելով մեծ պատերազմով շահագրգռվածության բացակայությունը", - ամփոփել է Սաֆարյանը։
Նշենք, որ Սուլեյմանիի սպանությունն արդեն հանգեցրել է Մերձավոր արեւելքում իրավիճակի սրման։ Հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը կառավարությանը պարտավորեցրել է "վերջ դնել օտարերկրյա ուժերի ռազմական ներկայությանը եւ դադարեցնել աշխատանքը անվտանգության համաձայնագրի շրջանակներում, որը կնքվել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի հետ": Ի պատասխան՝ հունվարի 7-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը լրագրողներին հայտարարել է, որ Պենտագոնը Իրաքից զորքերը դուրս բերելու ծրագրեր չունի, և ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ կհետեւի "զինված հակամարտության օրենքներին": Իրանն, իր հերթին, հայտարարել Է միջուկային գործարքից դուրս գալու մասին ։