Արմինֆո. Քասեմ Սուլեյմանիի սպանությունը, ամենայն հավանականությամբ, Մերձավոր արեւելքի համար կվերածվի նոր պրոքսի պատերազմների։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել միջազգային փորձագետ Սուրեն Սարգսյանը։
Իրանցի ազդեցիկ գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի "Ալ Քուդս" հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետեւանքով: Սուլեյմանիի հետ միասին զոհվել են շիաների "Ալ Հաշդ աշ Շաաբի" աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսը եւ էլի մի քանի մարդ:
Ըստ փորձագետի՝ Իրանի, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մասնակցությամբ պրոքսի պատերազմները, ամենայն հավանականությամբ, բացի Սիրիայից և Իրաքից, կընդգրկեն Լիբանանի և մերձավորարևելյան այլ երկրների տարածքներ։ Ընդ որում, Իրանի տարածքում մարտական գործողությունների ծավալում Սարգսյանը չի ակնկալում։
"Հանգուցյալ Սուլեյմանին իրանցի ամենաազդեցիկ գեներալներից մեկն էր, և Թեհրանում նման գործչի սպանությունն առանց վրեժխնդրության թողնել, պարզապես, չեն կարող։ Այս լույսի ներքո ես ակնկալում եմ համաչափ պատասխան ԱՄՆ գործողություններին։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ պատասխանն էլ ավելի կխորացնի Մերձավոր արևելքում տիրող անհանգիստ իրավիճակը", - կարծում է նա։
Մեկնաբանելով իրանցի գեներալի ոչնչացման որոշումը կայացնելիս ԱՄՆ նախագահի մոտիվացիան՝ փորձագետն այն պայմանավորել է ներքաղաքական հանգամանքներով, մասնավորապես, նախագահի աթոռի համար պայքարով, ինչպես նաև վերջին ժամանակներս Թրամփի նկատմամբ իմփիչմենթի սպառնալիքով։
Հավելենք, որ Սուլեյմանիի սպանությունն արդեն հանգեցրել է Մերձավոր արեւելքում իրավիճակի սրման։ Հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը կառավարությանը պարտավորեցրել է "վերջ դնել օտարերկրյա ուժերի ռազմական ներկայությանը եւ դադարեցնել աշխատանքը անվտանգության համաձայնագրի շրջանակներում, որը կնքվել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի հետ":
Ի պատասխան՝ հունվարի 7-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը լրագրողներին հայտարարել է, որ Պենտագոնն Իրաքից զորքերը դուրս բերելու ծրագրեր չունի, իսկ Իրանի պարագայում ԱՄՆ-ը կհետեւի "զինված հակամարտության օրենքներին":