Արմինֆո. Անցնող տարում մեր աշխատանքի հիմնական ձեռքբերումներից մեկն Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կայացումն ու զարգացումն էր։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
"Հենց այս տարի խորհրդարանը, վերջապես, սկսեց գործել որպես անկախ և կառավարության գործունեությունը վերահսկող մարմին։ Վկայությունը խորհրդարանի կողմից չհաստատված կառավարության բազմաթիվ նախագծերն են։ Կան նաև ԱԺ-ից կառավարություն ուղարկված և մերժման արժանացած նախագծեր։ Կան նախագծեր, որոնք ընդունվել են համատեղ վերանայման արդյունքում։ Այս ամենը թույլ է տալիս խոսել կառավարության և խորհրդարանի միջև փոխադարձ համագործակցության մթնոլորտի ձևավորման մասին ։ Ես ուրախ եմ, որ գործադիր և օրենսդիր իշխանությունը, վերջապես, սկսել են գործել որպես փոխադարձ զսպման մեխանիզմներ, որպես հակակշիռներ", - նշել է նա ։
Ընդհանուր առմամբ, անցնող տարին, ըստ Աբրահամյանի, բավական շատ ձեռքբերումների տարի էր։ Մասնավորապես, անցումային արդարադատության համակարգի ներդրումից հասարակության ակնկալիքները հող են ստացել։ Եվ արդեն հաջորդ տարի այդ հարցը կառավարության մատուցմամբ կհայտնվի խորհրդարանի ուշադրության կենտրոնում։ Մեկ այլ ձեռքբերում էլ պատգամավորը համարում է Հարկային օրենսգրքի բարեփոխումը, ինչը հնարավոր է դարձել խորհրդարանի և կառավարության համատեղ համակարգված աշխատանքի արդյունքում։
Արտաքին քաղաքականության ոլորտում խորհրդարանի էական ձեռքբերումներն Աբրահամյանը բացատրում է նրա լեգիտիմությամբ, որն, ըստ նրա գնահատականների, առաջին անգամ է ի հայտ եկել։ Հենց սեփական լեգիտիմությունն է հայ խորհրդարանականներին թույլ տալիս ավելի վստահ խոսել Եվրախորհրդարանի, տրաբերլ երկրների գործընկերների հետ, քան դա անում էին իրենց նախորդները։
"Նման իրադրության առաջին արդյունքները մենք արդեն տեսնում ենք։ Դրանք դրսևորվում են ԵՄ-ից և ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացման մեջ։ Օրինակ, ԵՄ-ն 2019 թվականին Հայաստանին 40 մլն-ով ավելի եվրո է հատկացրել, քան նախկին նախատեսվում էր։ Տեղի ունեցավ նաև Միացյալ Նահանգների կողմից մեզ տրամադրվող ֆինանսական աջակցության չնախատեսված աճ։ Ես այդ ամենը գնահատում եմ որպես էական առաջընթացի վկայություն, որը հնարավոր է դարձել նաև լեգիտիմ Ազգային ժողովի ձևավորման շնորհիվ", - ամփոփել է խորհրդարանականը։