Արմինֆո. ՄՃԽ նոր զեկույցը կարելի էր անտեսել, եթե արացախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի "ուսումնասիրության" և "վերլուծության" ոլորտում այդ փորձագիտական կազմակերպության գործունեությունն իր տխուր նախապատմությունը չունենար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի վերջին՝ "Ելք Լեռնային Ղարաբաղի փակուղուց" զեկույցը։
"Այդ նախապատմությունը մեկնարկել է 2005 թվականին, երբ հրապարակվեց տվյալ թեմայով ՄՃԽ-ի առաջին զեկույցը։ Պետք է հիշենք, որ հենց այդ զեկույցն է անհրաժեշտ հիմքեր ստեղծել բանակցային փակուղային օրակարգի հետագա ձևակերպման համար, որն ստացել է "Մադրիդյան սկզբունքներ" անվանումը։ Իր առաջին զեկույցում ՄՃԽ-ի փորձագետները մտածված եւ հմտորեն մանիպուլյացիայի են ենթարկել տեղեկատվությունը՝ հակամարտության բնութագրերի նկարագրությունը հարմարեցնելով պատվիրատուներին անհրաժեշտ քաղաքական կորաքանոնին: Գործում ներգրավվել են նաև փորձագետներ Հայաստանից և Ադրբեջանից, բայց ոչ Արցախից։ Նրանց մասնակցությունն ու կարծիքը պետք է ամփոփիչ փաստաթղթի հավասարակշռվածության տպավորություն ստեղծեին։ Սակայն զեկույցի վերջնական խմբագրումը կազմելիս կարծիքը, կարծես, հաշվի չի առնվել", - ընդգծել է նա։
Ըստ Մելիքյանի, նույնիսկ, վերջին զեկույցին մակերեսային ծանոթացումը թույլ է տալիս խոսել առաջին զեկույցի ոճի և ուղղվածության պահպանման մասին։ Օրինակ, զեկույցում ասվում է, որ պատերազմի ընթացքում շուրջ 400.000 ադրբեջանցիներ լքել են Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից այժմ վերահսկվող տարածքները, և ևս 40.000-ը՝ "բուն Լեռնային Ղարաբաղի տարածքը"։ Բացի այդ, հարյուր հազարավոր մարդիկ ՝ ադրբեջանցիներ ու հայեր, ստիպված են եղել հեռանալ Հայաստանից ու Ադրբեջանից։
Այսպիսով, ըստ նրա գնահատականների, զեկույցի հեղինակները, կարծես պատահաբար, ընդգծում են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում մարտական գործողությունների գոտին լքած ադրբեջանցիների կոնկրետ թիվը՝ լռության մատնելով այդ երկրից արտաքսված հայերի թիվը։ Լռում են, որ այդ մարդիկ կես միլիոնից ավելի են եղել, և շուրջ 400 հազար մարդ ապաստան է գտել Հայաստանում և Արցախում։
"Կամ, օրինակ, խոսվում է այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Ստեփանակերտում տիրում է "ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի իրեն անկախ դիրքավորող կառավարությունը", թեև հայտնի է, որ իր անկախությունը ԼՂՀ-ն հռչակել է լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց առաջ և ոչ հետո։ Կարծում եմ, որ եթե խորանանք, կարելի է գտնել բազմաթիվ նման կեղծիքներ ու վրիպակներ, բայց այդ նրբամտորեն և անշտապ դարսված գարշահոտ կույտը փորփրելը, պարզապես, նողկալի է", - ընդգծել է Մելիքյանը:
Այսպիսով, դիվանագետն արձանագրում է, որ ՄՃԽ-ն շարունակում է աշխատել նույն ուղղությամբ. արցախցիներից պահանջվում է հանձնել նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները, թույլ տալ միջազգային խաղաղապահ զորակազմի մուտքն իր տարածք եւ դադարեցնել հանձնման ենթակա տարածքների կառուցապատումն ու բնակեցումը: Դրա դիմաց Բաքուն, միգուցե, Հայաստանի դեմ հայցեր չնախաձեռնի միջազգային դատական ատյաններում և կսկսի մտածել, թե ինչ հետևանքներ կարող են լինել արցախահայերին ինքնորոշման իրավունք տրամադրելուց։
"Պաշտոնական Երեւանը, սակայն, զեկույցի հրապարակման առնչությամբ պետք է լրջորեն մտածի իր հետագա գործողությունների մասին։ Ամենայն հավանականությամբ, կիրակի հրավիրված ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը նպատակ ուներ ինչ-որ կերպ արձագանքել հրապարակմանը։ Հնչեցին արձանագրություններ, որոնք մերժեցին մեզ պարտադրվող որոշումները, բայց, ինչպես և նախկինում, քաղաքական, բանակցային գործընթացի շրջանակներում մեր գործողությունների սեփական ծրագիր, դատելով ըստ ամենայնի, չունենք։ Մինչդեռ պետք է լինի", - ամփոփել է Մելիքյանը։
Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ), որի գրասենյակը գտնվում է Բրյուսելում, անկախ, շահույթ չհետապնդող, բազմազգ կազմակերպություն է, որը միավորում է մոտ 80 աշխատակիցների հինգ մայրցամաքներում: Կազմակերպությունը զբաղվում է տեղերում իրավիճակի վերլուծությամբ և ակտիվ իրավապաշտպան գործունեությամբ, որը նպատակաւղղված է մահաբեր հակամարտությունների կանխարգելմանն ու զսպմանը:
Տեղերում տեղեկատվության և գնահատականների հիման վրա ՄՃԽ-ն հրապարակում է վերլուծական զեկույցներ, որոնցում ներկայացվում են քաղաքական որոշումներ կայացնող առանցքային միջազգային ֆիգուրանտներին հասցեագրված գործնական հանձնարարականներ: