Արմինֆո.Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։ Այդ մասին հաղորդել է դատախազությունը։
Նարեկ Սարգսյանը (Սերժ Սարգսյանի հարազատ եղբոր ՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդին) մեղադրվում է ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, տեղափոխելու կամ իրացնելու, ինչպես նաև թմրամիջոցներ և թմրանյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու համար:
Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին ՀՀ ոստիկանությունը Ինտերպոլի եւ օտարերկրյա գործընկերների հետ համատեղ Պրահայում հայտնաբերել էր 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Գվատեմալայի քաղաքացու՝ Ֆրանկլին Գոնսալեսի անունով կեղծ անձնագրով։ Այս տարվա դեկտեմբերի սկզբին Չեխիայի համապատասխան մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: Նա Հայաստան է տեղափոխվել դեկտեմբերի 21-ին։