Արմինֆո. Նախօրեին Երևանում մեկնարկել է ճապոնական կինոյի փառատոնը ։ Փառատոնային ցուցադրությունները բացեց Կենձի Կատագիրիի "Բնակարանների լվացում" ֆիլմը, որը պատմում է անսովոր աշխատանքի մասին. վատ համբավ ունեցող բնակարաններում բնակվել՝ նախկին տհաճ միջադեպերի հետքերը ոչնչացնելու նպատակով։
Ինչպես նշել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, Հայաստանում ճապոնական կինոյի փառատոնի անցկացումն արդեն բարի ավանդույթ է դարձել։ Նա հատուկ նշել է, որ Ճապոնիայում կինեմատոգրաֆիայի ոլորտը գրավիչ է դառնում երիտասարդների համար, ինչի շնորհիվ տեղական կինոարտադրությունը զարգացման նոր փուլ է ապրում:
Այս տարի փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսի դատին կներկայացվեն ժամանակակից չորս ֆիլմեր, որոնք Ճապոնիայում մեծ հաջողություն են ունեցել ։ Բացի "Բնակարանների լվացումից", կցուցադրվեն Սոիտիրո Կոմացուի "Ֆուձիկո. լռության և մենության դաշնակահարուհի", Կոձի Ֆուկադայի "Ծովից եկածը", Տակասի Յաձակիի "Ճակատագիր. Կամակուրայի պատմությունը"։
Երեւանում կինոցուցադրությունները տեղի կունենան դեկտեմբերի 12-14-ը "Մոսկվա" կինոթատրոնում: Այնուհետև ֆիլմերը կներկայացվեն Գյումրիում (դեկտեմբերի 15-ին, "Նարեկ" բարեգործական հիմնադրամ), Սպիտակում (դեկտեմբերի 15-ին, մշակույթի տուն), Էջմիածնում (դեկտեմբերի 20-ին, քաղաքապետարանի կինոդահլիճ) և Իջևանում (դեկտեմբերի 21-ին, բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոն): Բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է:
Փառատոնն անցկացվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության կողմից՝ հայ-ճապոնական "Հիկարի" գիտակրթական կենտրոնի և "Իրոհա" հայ-ճապոնական ուսումնամշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ: